Այ քեզ մտքի «տիտան». ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱդրբեջանի նախագահ Ալիեւի ռազմատենչ հարցազրույցին ի պատասխան՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ երեկ հանդես եկավ հարցազրույցով: Ու ի՞նչ է ասում, թե բա՝ «Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է»: Այ քեզ մտքի «տիտան»: Իսկ ինչ-որ մեկը կա՞ր, որ կարծում էր, թե մեր վրա հարձակվելու մտադրություն Ադրբեջանից բացի կարող է ունենալ, օրինակ, Հոնդուրասի Հանրապետությունը: Ինչպես ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է ասում` «железная логика». «Եվ նման դիրքորոշման հեղինակը մեր ժողովրդի անվտանգության ու տարածքային ամբողջականության «երաշխավորն է»: Իսկ եթե ունի՞, այդ դեպքում ի՞նչ կասես: Մինչեւ հիմա ձեր ազգակործան պատուհասների խմբակը չհասկացա՞վ, որ միշտ էլ ունի նման մտադրություն եւ քո կողմից ստեղծված ոչ մի առիթ բաց չի թողել: Այդ թվում նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա»:
Իսկ նորաթուխ ՔՊ-ական դարձած Գյումրիի քաղաքապետի ԺՊ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ այնքան է ոգեւորվել իր նշանակմամբ, որ պատեհ-անպատեհ ծաղիկներ է նվիրում Նիկոլ Փաշինյանի հետ նույն տանիքի ներքո ապրող կնոջը՝ Աննա Հակոբյանին: Պարզվում է՝ օրերս Շիրակի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանը նշելու համար Գյումրի են ժամանել Նիկոլը, Աննան ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիկոլին եւ նրա թայֆային դիմավորողներից` ՇՊՀ ռեկտոր Սերոբյան Երվանդը ծաղկեփունջ է նվիրել Աննա֊յին, բայց նրա կողքին կանգնած Ժաննային, ինչպես քաղաքագետ Գագիկ Համբարյանն է ասում, մի խոտի կտոր էլ չտվեց` բացահայտ անտեսելով նրան՝ այն պարագայում, երբ այդ ծաղկեփունջն ի պաշտոնե պետք է տրվեր հենց Ժաննային, այլ ոչ թե` Նիկոլի հետ եկածին... Բայց սա չէ զարմանալին, այլ այն, որ միայն Աննային ծաղկեփունջ է նվիրել նաեւ Սարիկը, որն ի տարբերություն ՇՊՀ ռեկտորի՝ պարտավոր էլ չէր:
Այստեղ են ասել՝ քոռանային հայի աչքերը, չտեսներ, թե ինչպես է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ մի հոբելյանական երեկոյի համար կրավորական կեցվածք ընդունում Փաշինյանի հետ համատեղ ապրող կնոջ՝ Աննայի առաջ: Հրապարակված լուսանկարից ու տեսանյութից զարմացած ու զայրացած սոցցանցային ակտիվը քննադատեց Ամիրխանյանին եւ ցավով արձանագրեց, որ «Հայի աչքեր» երգի հեղինակին հեչ սազական չէր: Այս առումով տեղին դիտարկում է անում ռեժիսոր Մհեր Մկրտչյանը. «Քաղաքականության բացակայության մեջ մարդիկ նորից արվեստագետ են քլնգում... Ներեցեք... Դուք նոր բա՞ն եք տեսել, նոր բա՞ն հայտնաբերել…Թե՞ չի լինելու վաղը նույնիսկ եթե իշխանության գա ձեզնից յուրաքանչյուրը: Լինելու է... Ավելին` լինելու են նույն մարդիկ, ու դուք իրանց ընդունելու եք եւ մեծարելու, շոյելու եւ կոչումներ տալու...»:
Ընդհանրապես, ինչ կատարվում է այսօր մշակույթում, բառիս բուն իմաստով, դարձել է, մեղմ ասած, 18+ իրավիճակ: «Մաքուր ու մերկ». այսպես է կոչվում ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ բացված ժամանակակից էրոտիկ ցուցադրությունը: Ու սա տեղի է ունենում Չարենցի տուն-թանգարանի ղեկավարության, ԿԳՄՍ նախարարության ու արվեստագետների եւ քաղաքացիների լուռ համաձայնությամբ: Ցուցադրության շրջանակներում համադրվել են Չարենցի ինտիմ ստեղծագործությունները (նրանք, որ ինքը՝ հեղինակն էլ երբեք չի ցանկացել հանրայնացնել) ժամանակակից արվեստագետների «սեռականությանը եւ անձնական կրքերի» վերաբերյալ գործերի հետ: Այնպես որ, երբ ձեր երեխան ասի՝ մամ կամ պապ, գնում եմ թանգարան, զգուշացե՛ք: Ի՞նչ իմանաս, երեխայիդ ինչ է սպասվում այնտեղ:
Զարմացած է «Իրավունք»-ը