Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում․ Panorama.am
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։ Այս մասին գրում է Panorama.am-ը և հավելում․
«Ավելին, ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին Panorama.am-ի հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից ցինիկ պատասխան են տվել։
Նույնիսկ շատ մոտավոր հաշվարկներով հարկատուների հաշվին Փաշինյանի կնոջ՝ շուրջ մեկ շաբաթ տևած այցը և վայելքները մի քանի միլիոն դրամ են արժեցել: Ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել է անվտանգության առնվազն երեք աշխատկից, նրա հետ են եղել նաև անձնական վարսավիրն ու դուստրը:
Ի վերջո, հասարակությունն ու մամուլն իրավունք ունեն իմանալու, թե որքան է ծախսել Փաշինյանի կինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, ուկրաինացի երեխաներին տեսակցելու և Վենետիկում ճամփորդության համար:
Հիմա ամեն բան սկզբից։
Նոյեմբերի 26-ին Panorama.am-ը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում է ուղղում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։ Հարցումը ստորագրված է։
Ինչպես կարգն է, մեր լրատվամիջոցի լրագրողը վկայակոչում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում օրենքով սահմանված ժամկետում և կարգով պատասխանել հետևյալ հարցերին.
«1.Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ մեկնել է Սուրբ Աթոռ։ Վարչապետի՝ Հայաստան վերադարձից հետո Աննա Հակոբյանը ևս մի քանի օր մնաց Իտալիայում։ Այս ընթացքում անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցել ՀՀ վարչապետի տիկնոջն ու դստերը։
2. Որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի տիկնոջ Իտալիա կատարած այցի համար։ Խնդրում եմ տրամադրել ծախսերի բացվածքը՝ այդ թվում վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը և այլն։
3. Ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, խնդրում եմ առանձին նշել, թե որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից։
4. Վարչապետի տիկնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար»։
Չանցած երկու ժամ՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը էլ. փոստի միջոցով պատասխանում է.
«Ի պատասխան Ձեր 26.11.2024թ. գրության հայտնում ենք, որ Ձեր հարցումը կարող եք ուղղել «Իմ քայլը» հիմնադրամ»։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» հիմնադրամից Panorama.am-ը ստանում է հետևյալ պատասխանը.
«Panorama.am-ի լրագրող
Լալա Տեր֊Ղազարյանին
Հարգելի՜ լրագրող,
Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի
Գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն
Դավիթ Մկրտչյան»։
Ընդ որում, վերջինի ստորագրությունն առկա չէ»։