Ավելի քան երբևէ մոտ ենք Մոսկվայի հետ արդյունավետ շփումների․ Բլինքեն
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ արդյունավետ շփումների հնարավորություն կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, այս մասին Բլինքենը հայտարարել է Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում, գրում է Euromedia24-ը։
ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերել Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ լուրջ քննարկումներ անցկացնել ամերիկյան հեռացող վարչակազմի հետ։ «Հիմա, երևի, եկել է այն պահը, երբ նման քննարկումներն ավելի արդյունավետ կլինեն։ Հուսով եմ, որ այդպես է։ Վստահ եմ, որ հաջորդ վարչակազմը, հնարավորության դեպքում, կփորձի նման քննարկումներ ունենալ և կհասկանա, թե արդյոք մենք կարող ենք գոնե մոտ ժամանակում հասնել Ուկրաինայում ինչ-որ կարգավորման՝ պայմանով, եթե դա ընդունելի լինի ուկրաինացիների համար», - ասել է Բլինքենը:
Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը կապեր է պահպանում Մոսկվայի հետ բանտարկյալների փոխանակման, միջուկային զենքի կիրառման հնարավորության, տիեզերքի ռազմականացման և այլ հարցերի շուրջ։ Բլինքենի համոզմամբ՝ Մոսկվան Ուկրաինայում պատերազմ չի սկսել՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգություններից, այլ ավելի շուտ՝ «իմպերիալիստական» ձգտումներից։