Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում․ Փաշինյան
ԹեմաՆիկոլ Փաշինյանը հայնում է, որ առաջիկայում կտոր-կտոր կհրապարակի իր բանտային օրագիրը:
«Քանի որ հայտնի շրջանակնները սկսել են սարսափազդու լեգենդներ հյուսել իմ բանտային կյանքի մասին, առաջիկայում կտոր-կտոր կհրապարակեմ իմ բանտային օրագիրը: Ահավասիկ, այդպիսի առաջին կտորը: Հիշեցնեմ, որ ընդհատակից դուրս եմ եկել եւ դատախազություն ներկայացել 2009 թվականի հուլիսի 1-ին: Մինչ այդ 2008թ. մարտի 1-ից գտնվել եմ ընդհատակում:
Կալանավորների զբոսանքը. 9 հուլիսի, 2009, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։ Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են իրար ետևից՝ շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երևում, և դա հենց Վինսենթ վան Գոգի դեմքն է։
«Երևան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում ես փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաև ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։ Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։
Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի և ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ՝ նույն շրջագծում», - գրել է նա։