Մասնագետը նշել է՝ որոնք են առողջության համար ամենավտանգավոր աղանդերները
ՀասարակությունՔաղցրավենիքն ու ճարպոտ աղանդերները հանգեցնում են բորբոքումների և նյութափոխանակության խանգարումների: Այս մասին She Finds պարբերականի հետ զրույցում ասել է սննդաբան Ջանեթ Ջաչինտոն:
Ինչպես մանրամասնել է մասնագետը, փքաբլիթները, օրինակ, պատրաստվում են ռաֆինացված ցորենի ալյուրից, իսկ այս մթերքն ու փքաբլիթներին ավելացվող շաքարավազը հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման, որին հաջորդում է ինսուլինի մակարդակի աճը: Պարբերաբար նման մթերքի գործածության դեպքում սա կարող է հանգեցնել ինսուլինի նկատմամբ զգայունության նվազման: Բացի այդ, կարող է ի հայտ գալ համակարգային բորբոքում, որը բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոններից է:
Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են նաև տորթերը, թխվածքաբլիթներն ու կարկանդակները, որոնք պարունակում են ոչ միայն շաքար, այլև մեծ քանակությամբ կարագ: Նման մթերքը նպաստում է ճարպերի կուտակմանը ոչ միայն որովայնի, այլև ներքին օրգանների շուրջը, ուստի սննդաբանը խորհուրդ է տվել դրանք չչարաշահել։