Հերթական «ջրիկ հեղեղը» Նիկոլից
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է ջրամատակարարման հետ կապված մի շարք հարցերի։ Այս անդրադարձը ոչ ավել, քան հերթական տափակությունը, դժվար է անվանել: Եվ ահա ինչու:
Այսպես, նա գրում է.
«Հարցեր, որոնց համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.
1.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից եւ ծավալից:
2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ եւ վճռական քայլերի դիմել:
4. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների:
5. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության: Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարեւոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետեւ բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես…»,- գրել է նա:
Սկսենք մագնիսից. շատերը դա դնում են եւ կդնեն: Ընդ որում, նման մարդկանց թիվն ուղիղ համեմատական կարգով աճում է` կապված ջրի ֆանտաստիկ սակագների հետ: Մեկ դետալ միայն. Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքը ստիպված է սեփական երկրի ջրի համար վճարել մոտավորապես էներգիայի վճարի 2/3-ի չափով: Այն բանի համար, որ ջրամատակարարման համակարգում գրում են կորուստների ֆանտաստիկ թվեր, որը հիմնականում սովորական գողություն է: Գումարեք ինքնարժեքային հաշվարկների կեղծիքները, եւ ունենք ջրի աստղաբաշխական գներ: Ի՞նչ է, հիմա էլ մտածել են այդ ջրագողությունները մագնիսների վրա՞ գրել: Չէ, դա որոնեք ֆրանսիական գրպաններում:
Ջրաչափից հրաժարվում են եւ ամբողջ ձմեռ ծորակը բաց են թողնում նույնպես շատ պարզ պատճառով: Դրանք երկու կատեգորիայի սպառողներ են: Նրանք, ովքեր խմելու ջրով ոռոգում են իրականացնում: Ու շատ պարզ պատճառով` նիկոլյան իշխանական համակարգը չի կարողանում կամ մտքով էլ չի անցնում բազում բնակավայրերում նման մարդկաց ոռոգման ջուր հասցնել: Իսկ մարդը, ով տարիներով տան հարեւանությամբ պտղատու այգի է աճեցրել, կամ յոլա գնալու համար պետք է ինչ-որ բան ցանի, չի նայելու, թե ոռոգման ջուր տալ չկարողացող ապաշնորհ իշխանությունների մեղքով ինչպես է իր այգին ոչնչանում:
Ինչ վերաբերում է ծորակները բաց թողնելուն, ապա Նիկոլը երեւի չի էլ հասկանում, որ Հայաստանում կան տարածքներ, որտեղ եթե ձմռանը տան ծորակը բաց չթողնես, ողջ համակարգը կսառի եւ շարքից դուրս կգա: Այլընտրանք կա, պետք է ողջ տունը ջեռուցել: Իսկ Նիկոլը կարո՞ղ է ջեռուցման այնպիսի գներ հաստատել, որ քաղաքացին կարողանա դա անել:
Իսկ ահա սափրվելու հետ կապված, այո, կասենք, որ դա ծայրից ծայր էժանագին պոպուլիզմ է: