ԹՐԱՄՓԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒՑ. ԻՆՉ Է ԴՐՎՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ
ՎերլուծությունՍիրիայում ներկա իրավիճակում (https://iravunk.com/?p=300655&l=am), թերեւս, ամենաանհասկանալին մնում է Մոսկվայի դիրքորոշումը: Որոշ աղբյուրներ փորձում են այս ամենը ներկայացնել, որպես ռուսների ռազմավարական պարտություն՝ բրիտանական հետախուզության հիմնական ջանքերով: Նաեւ, որ MI6-ը նույն ջանասիրությամբ շարունակում է հակառուսական արշավը, այդ թվում՝ ուկրաինացիների միջոցով բուն Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների տեսքով, եւ այս ամենի հիմնական նպատակն է Թրամփի խոստացած խաղաղությունը ձախողելը:
Իհարկե, բրիտանական հետախուզությունը միշտ է գործում, ընդ որում, նաեւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ: Սակայն նաեւ չմոռանանք, թե ինչ ռեալ շահեր է Մոսկվան հետապնդում սիրիական տարածաշրջանում: Թիվ 1 նպատակը Միջերկրական ծովում ներկայությունն է, իսկ Մերձավոր Արեւելքի այս կաշայի մեջ ներքաշվելը, այն էլ՝ ունենալով ուկրաինական պատերազմ, մեղմ ասած, անցանկալի է: Այսինքն, եթե Մոսկվան պահպանի իր բազաները կամ Միջերկրականի հատվածում այլ բազա գտնի, պասիվ դիտորդի դերը մի բան էլ կարող է օգտակար դառնալ: Եվ այն, որ նախօրեին CNN-ը տեղեկացրեց, որ Ռուսաստանը սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայից՝ տեղափոխելով Լիբիա եւ կփորձի բազայավորվել Բենգազի նավահանգստում, դա նաեւ ամերիկա-իսրայելյան թեւից Մոսկվային ուղղված առաջարկի տեսք ուներ: Մյուս կողմից էլ, թուրքամետ ուժերն են բանակցում ռուսներին Տարտուսում եւ Լաթակիայում թողնելու հետ կապված, եւ դա էլ կարելի է հասկանալ. Իսրայելի հետ հակամարտության դեպքում Ռուսաստանն Էրդողանի համար անփոխարինելի դաշնակից կարող է լինել: Իսկ ահա Կրեմլից փոխանցեցին, որ դեռ բազաների հետ կապված վերջնական որոշում չունեն, իսկ դա նշանակում է, որ ընթանում են կուլուարային «բազարներ»:
Նաեւ նման հանգամանք հաշվի առնենք. Մերձավոր Արեւելքի վրա Մոսկվայի ծայրահեղ կենտրոնացման պարագայում մեծ հարց է դառնում՝ իրատեսական կլինի՞ Քուրդիստանի ստեղծման ծրագիրը: Այսինքն, եթե Սիրիայից վերջնականապես հեռանալ-չհեռանալու հարցում Մոսկվան շարունակում է ինչ-որ «բազարներ», ապա այս համատեքստում կա նաեւ այն հարցը, թե հանուն ինչի՞ է պատրաստ հեռանալ՝ դրանով փաստացի Իսրայելի (Թրամփին չմոռանանք) առաջ «կանաչ լույս» վառելով:
Ավելի ճիշտ, այն տպավորությունն է, որ Մոսկվան որոշակի ազդակների է սպասում Թրամփից: Այսինքն, Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դիրքերի թուլացման համարժեք պատասխան կարող է լիներ ուկրաինական խաղատախտակին ամերիկյան դիրքերի թուլացումը: Պատրա՞ստ է Թրամփը նման «բարտերի», թերեւս սա է ամբողջ հարցը: Թե ինչ վերջնարդյունք է Մոսկվային պետք Ուկրաինայում, ռուսական կողմը պարզ ներկայացրել է: Իսկ ահա Թրամփն էլ նախօրեին, բացի Էրդողանին ահաբեկիչների հովանավոր հռչակելուց, նաեւ ուկրաինական ուղղության հետ կապված որոշակի մտքեր հայտնեց: Այսպես, վերահաստատելով, թե՝ «Մենք փորձում ենք կանգնեցնել Ուկրաինայում սարսափելի պատերազմը», նորընտիր նախագահը նաեւ հայտնեց Պուտինի հետ կապի մեջ մտնելու մտադրության մասին: Բացի այդ, որ Կիեւից ազդանշաններ է ստացել Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման ցանկության մասին: Դրանից զատ, օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց 2025 թվականի պաշտպանության բյուջեն՝ առանց Ուկրաինային աջակցելու դրույթի: Ավելի ճիշտ, այդ դրույթը նախնական տարբերակով կար, բայց այն հանվել է: Միաժամանակ Թրամփը հայտարարում է, որ պաշտոնի անցնելով, կարգելի Կիեւին ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին եւ այլն:
Այսինքն, որոշակի ազդակներ Թրամփի կողմից այս պահին էլ Մոսկվան ունի: Սակայն «Պուտինի հետ կապի մեջ մտնելը» դեռ չի նշանակում, որ համապատասխան պայմանավորվածություններ կլինեն: Բայց եթե Մերձավոր Արեւելքում Մոսկվան դեռ զիջելու բան ունի, ապա Թրամփը, թերեւս, հաստատ կգնա նման գործարքի:
Կարճ ասած, միգուցե MI6-ը Մոսկվային որոշակի դիրքային հարված հասցրեց: Դա հասկանալի է՝ բրիտանացիները փորձում են խաղարկել Թուրքիայի սցենարը, որը, նկատենք, ուղիղ հակասության մեջ է Քուրդիստանի ստեղծման՝ Թուրքիայի համար մահացու ծրագրի հետ: Բայց մեկ գլխավոր խնդիր բրիտանացիները չլուծեցին. Ասադը, որպես Սիրիայի լեգիտիմ նախագահ (նա այդպես էլ պաշտոնապես հրաժարական չտվեց), այս պահին Ռուսաստանում է: Այսինքն, Մոսկվան կա´մ իր բազաները չհանի՝ գործակցելով, ասենք, Թուրքիայի հետ, կա´մ մտածի Իրանի հետ միասին Ասադի ռեստավրացիային հասնելու մասին, հաշվի առնելով, որ սիրիական ներկա իրավիճակը նաեւ Թեհրանի համար է լուրջ խնդիր, դեռ այս պահին էլ կարող է մնալ սիրիական խաղատախտակի հիմնական խաղացողներից մեկի դիրքերում: Իսկ դա պետք է որ Թրամփը բավարար հիմք համարի խոշոր գործարքի համար: Առավել եւս, որ Թրամփի համար հիմնական պատերազմական ուղղությունը եղել եւ մնում է Չինաստանը, որին ուկրաինական ներկա հակամարտությունը, իհարկե, լրջորեն խանգարում է: