ԹԱԿԱՐԴՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԳՆԱԼՈՎ ՄԻԱՅՆ ՍԵՂՄՎՈՒՄ Է
ՄիջազգայինՍիրիական վերջին իրադարձությունների մեկնարկից ի վեր բազում, այդ թվում՝ արեւմտյան եւ ռուսական առաջատար լրատվամիջոցները նորից հիշել են Բաբա Վանգային: Նրան վերագրվող կանխատեսումներից մեկում ասվում է՝ «Երբ Սիրիան ընկնի, սպասեք մեծ պատերազմ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ»:
ԻՆՉ ՊԱՏԿԵՐ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ
Այնուհետեւ, Վանգային վերագրվող այդ գուշակության մեջ ավելի մռայլ տողեր են հայտնվում. «Գարնանը կսկսվի պատերազմն Արեւելքում, եւ կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմ Արեւելքում, որը կկործանի Արեւմուտքը»: Նաեւ, որ. «Երրորդ համաշխարհային պատերազմը կգա Արեւելքից: Սկզբում դա կլինի փոքր պատերազմ, բայց հետո այն կտիրի ամբողջ աշխարհին, իսկ հետո միջուկային զենք կկիրառվի։ Ամերիկյան մայրցամաքները դեռ երկար ժամանակ անբնակելի են դառնալու: Մարդիկ կքայլեն առանց հագուստի եւ կոշիկի, կապրեն առանց սննդի, վառելիքի եւ լույսի։ Ջուրն ավելի արժեքավոր կդառնա, քան ոսկին։ Կվերանան տարբեր բույսեր եւ կենդանիներ։ Բոլոր կրոնները կկորցնեն իրենց իշխանությունը: Հետո կսկսվի անհայտ հիվանդության համաճարակ։ Մարդիկ կմեռնեն հենց փողոցում, նույնիսկ եթե նախկինում երբեք հիվանդ չեն եղել: Երկրի վրա քիչ մարդիկ կլինեն»:
Վանգայի հարազատներն ու ընկերները ժամանակին չեն հաստատել, որ նա նման գուշակություններ է արել։ Չնայած դրան, իրադարձությունները, որոնք այս պահին միայն թեժանում են Սիրիայում, թույլ են տալիս նաեւ նման ծայրահեղ սցենարներից խոսել: Նախ ֆիքսենք պատկերը, որն այս պահին կա Սիրիայում՝ Ասադի հեռանալուց հետո: Թեեւ Էրդողանը շարունակում է խոսել Սիրիայի միասնականությունը պահելուց, սակայն այս պահի իրողությունն այն է, որ Թուրքիան, ի դեմս թուրքամետ տարբեր խմբավորումների, այս պահին փաստացի վերահսկում է Սիրիայի հյուսիսային գոտու մոտ կեսը (Տե´ս քարտեզում)` մյուս կեսը թողնելով քրդերին: Դամասկոս հասած խմբերին, այն է՝ սիրիական նոր իշխանություններին միայն մասամբ կարելի է համարել Թուրքիայի կողմից վերահսկվող: Ամեն դեպքում, այսպես ասենք, սիրիական այս նոր իշխանությունները վերահսկում են Իդլիբից եւ Հալեպից մինչեւ Դամասկոս ձգվող նեղ շերտը՝ Համա եւ Հոմս քաղաքներով հանդերձ: Մի փոքր հատված էլ Լաթակիայում, որտեղ դեռ ռուսական բազաներն են, սակայն ռուսներն այս ընթացքում որեւէ հարցի չեն միջամտում՝ որոշակի կապեր պահելով իշխանության եկած ուժերի հետ: Երկրի հարավում ժամանակին Ասադի հետ համակեցության ձեւ գտած, սակայն վերջին իրադարձություններին իրենց հերթին ակտիվացած մի քանի ցեղային միավորումներ են, որոնք ավելի հակված են Իսրայելի հետ համագործակցության, անգամ հայտարարություններ արեցին Իսրայելի կազմ անցնելու ցանկության մասին: Նրանց հարեւանությամբ էլ Իսրայելի օկուպացիոն գոտին է, որը հասնում է Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա: Մի փոքր արեւմուտք ամերիկյան վերահսկողության գոտին է, որտեղ եւս բնակվում են արեւմտյան-իսրայելյան ուղղվածության որոշ ցեղախմբեր: Վերջապես, Սիրիայի գրեթե ողջ արեւելյան գոտում քրդերն են, որոնք հովանավորվում եւ զինվում են ԱՄՆ-ի կողմից՝ դեպի Իսրայել ուղղված հակումներով հանդերձ:
Ահա այս պատկերն էր ստեղծվել Ասադի տապալումից հետո, որը դրանից հետո քիչ բանով է փոխվել: Միաժամանակ այդ պատկերը խոսում է առկա խորը հակասությունների մասին, որոնք որեւէ չհայտարարված զինադադարով քողարկել հնարավոր չէ: Այսինքն, քրդերը մնում են մահացու վտանգ Թուրքիայի համար, հաշվի առնելով, որ այստեղ շատ հավանական է դարձել թուրքական թիվ 1 մղձավանջի՝ Քուրդիստան պետության հիմնադրման հեռանկարը: Ավելի կոնկրետ՝ սա քրդերի համար սեփական պետությունը ստեղծելու բացառիկ, պատմական առիթ է: Նաեւ այն հաշվարկով, որ Քուրդիստանի ստեղծումը միգուցե քրդերից էլ շատ ձեռնտու է ԱՄՆ-Իսրայել տանդեմին: Իսրայելի համար Քուրդիստանը կդառնա միակ դաշնակից, արաբական, թուրքական աշխարհներին եւ Իրանին ոչ թե միայն հակակշիռ, այլ բոլորի հանդեպ ճնշման միջոց: Նաեւ էներգակիրների հիմնական շտեմարան, որի կարիքն Իսրայելն առավել քան ունի: ԱՄՆ-ի համար Քուրդիստանը կդառնա Մերձավոր Արեւելքում հիմնական բազա, որի դեպքում այլեւս որեւէ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի կարիքը չի ունենա: Առավել եւս, որ Սիրիայի տարածքում Քուրդիստան պետության ստեղծման դեպքում այն արագորեն կտարածվի դեպի Իրաք, տարածքային հավակնություններ կներկայացնի Թուրքիային, մի փոքր չափով՝ Իրանին՝ դառնալով Մերձավոր Արեւելքի խոշորագույն պետություններից մեկը: Իսկ առկա ռեսուրսները եւ ԱՄՆ-Իսրայելի հովանավորությունը թույլ կտան շատ կարճ ժամանակում դառնալ տարածաշրջանում թիվ 1-ը:
Այսպիսով, պարզ ուրվագծվում է Սիրիայի տարածքում ստեղծված հիմնական հակասությունը՝ Քուրդիստան անունով: Քրդերը, ԱՄՆ-ը եւ Իսրայելն ամեն ինչ անելու են պատմական նման աննախադեպ առիթից շատ արագ օգտվելու համար, Թուրքիան պարտադրված է ամեն ինչ անել նույնքան արագ` այդ մահացու վտանգը չեզոքացնելու համար: Ընդ որում, ընդգծենք, այս հակասությունն այնքան խորն է, որ անկախ այն բանից, թե Թուրքիան Ասադի տապալման հարցում ի՞նչ պայմանավորվածություններ ուներ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, կամ ունե՞ր որեւէ պարտավորություն, քրդերի հետ կապված պայթյունն անխուսափելի է:
Կան այլ մանր հակասություններ եւս. սիրիական նոր իշխանությունները միատար չեն, նրանց մի մասը մյուսների հետ թշնամական հարաբերությունների մեջ է, հիշատակված ցեղախմբերից յուրաքանչյուրն իր շահն ունի, որը հաճախ հասնում է ընդամենը այս բարդ իրավիճակում գոյատեւելու պարզ ցանկության, Իրանի շահերի հարցը կա, ռուսներն ինչ կանեն, դա էլ է հարց, եւ այսպես շարունակ: Բայց գլխավորը մնում է քրդական թեման, մնացած բոլորն այս մեկի ենթաշերտերն են:
ԹՐԱՄՓՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՍԱՐՔԵՑ
Այս պահի հիմնական իրողությունն այն է, որ գործնականում արդեն տրված է քրդական թեմայի շուրջ պայքարի մեկնարկը: Նախ, որոշակի պաուզայից հետո իսրայելյան ավիացիան վերսկսեց Սիրիայի ռազմական օբյեկտներին համատարած հարվածները` այս անգամ հասնելով ընդհուպ Լաթակիայի եւ Տարտուսի խոշոր ռազմապահեստներին:
Իսրայելը հասկանում է՝ իրենց ավիացիայի համար այս հատվածում միակ վտանգը ռուսներն են, որոնք, սակայն, ընդգծված չեզոքություն են պահպանում: Միաժամանակ Իսրայելը շարունակում է կամաց-կամաց ընդլայնել իր ցամաքային արշավանքը: Դամասկոս մտնելը հազիվ թե իսրայելյան շահերի մեջ լինի: Փոխարենը, եթե Դարայի գոտին Իսրայելի կազմ մտնելու ցանկություն է հայտնում, ապա այստեղից կարելի է չվերահսկվող հատվածներով հասնել ամերիկյան վերահսկողության գոտուն, ապա՝ քրդերին: Եվ նման շարժը շատ փորձագետներ են համարում Իսրայելի հիմնական ծրագիրը, եթե միայն մի որոշ ժամանակ Թուրքիայի հետ բախվելու խնդիր չառաջանա:
Բայց ահա ամերիկյան The Wall Street Journal-ը (այլ աղբյուրներ եւս) նախօրեին հայտնեց, որ Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանին, ինչը կարող է վկայել հնարավոր լայնածավալ ներխուժման մասին: Հասկանալի է, խոսքը Թուրքիայի տարածքից քրդական գոտի ներխուժելու մասին է, նաեւ հաշվի առնելով, որ այս օրերին թուրքական ավիացիան ակտիվորեն հարվածներ է հասցնում քրդական օբյեկտներին:
Իսկ մյուս կողմից, ԱՄՆ-ում սպասվող նախագահի փոփոխությունը ոչ միայն չի նվազեցնում, այլ էապես ընդլայնում է Իսրայելի հավակնությունները, հաշվի առնելով, որ Թրամփն ու իր թեւը Իսրայելի հետ հարաբերությունների շատ ավելի մեծ ջատագով են, քան հեռացող վարչակազմը: Եվ ահա, Թրամփը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ, որը հուշում է, որ քրդերի դեմ Անկարայի հարձակումն անհետեւանք չի մնա: Ըստ Թրամփի. «Սիրիայում Ասադի տապալման հետեւում կանգնած էր Թուրքիան: Նրանք, ովքեր հիմա եկել են իշխանության, գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ»: Նրանք ասվածի տակ պետք է տեսնել խմբավորումների, որոնք աշխարհի մասշտաբով ճանաչված են ահաբեկչական: Այսինքն, Թրամփն, ըստ էության, ասաց հետեւյալը՝ Թուրքիան զինել է ահաբեկիչներին եւ գրավել Սիրիան: Այստեղից Էրդողանին ահաբեկիչների պարագլուխ հռչակելն ընդամենը մեկ քայլ է, ինչքան էլ որ Թուրքիայի ղեկավարը քրդերի դեմ հարվածները հրամցնում է ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, նաեւ ամեն անգամ պաշտոնապես հայտարարելով, թե իրենք Սիրիայի այս դեպքերի հետ կապ չունեն:
Սրանից զատ, տարածաշրջանում ամերիկյան ուժերն այս պահին ակնհայտորեն վերախմբավորման փուլում են: Օրինակ, հայտարարվեց CVN 75 ավիակրային հարվածային խմբավորումը Մերձավոր Արեւելքում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տակ տեղափոխելու մասին, որն էապես բարձրացնում է տարածաշրջանում ամերիկյան զինուժի մակադակը: Հայտարարվում են նաեւ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից նոր մասշտաբային օպերացիաների պատրաստվելու մասին, որպես թիրախ ներկայացնելով հուսիթներին կամ նույնիսկ՝ Իրանին: Բայց այն, որ Թուրքիան վերջին օրերս սպառնում է, որ կոչնչացնի իսրայելյան ինքնաթիռները, ավելի շատ հուշում է, որ այս ամբողջ ցուցադրական ռազմական քայլերն իրականում Էրդողանը կարող է համարել իրեն ուղղված: Մեկ նյուանս եւս հաշվի առնելով. Իրանի դեմ մեծ պատերազմի դեպքում Ռուսաստանը հաստատ կխառնվի, Թուրքիայի պարագայում՝ չի խառնվի: Նաեւ, որ Քուրդիստանի ստեղծման դեպքում ԱՄՆ-ի համար Թուրքիայի, նաեւ ներկա տեսքով Թուրքիայի կարիքը հասնում է նվազագույնի:
Սիրիական իրադարձությունների զարգացման ֆոնին առիթ ունեցել ենք ենթադրություն հայտնել, որ Էրդողանը ներխուժելով Սիրիա, հայտնվեց թակարդում: Ներկա իրադարձություններն էլ գալիս են հուշելու, որ թակարդն Էրդողանի շուրջ գնալով միայն սեղմվում է: