«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երբ Արայիկ Հարությունյանի... մասին բացահայտումներ են արվել ակտիվի նիստերից մեկի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չի հավատացել, պահանջել է ներկայացնել փաստեր, որպեսզի չստացվի, թե Հարությունյանին օդում վարկաբեկում են: Մյուս նիստին ՔՊ-ական 2-3 պատգամավորներ ներկայացրել են հստակ փաստեր՝ փորձելով ապացուցել Նիկոլ Փաշինյանին, որ Արայիկ Հարությունյանը իրեն սխալ է ներկայացնում իրավիճակը, որ լինելով վարչապետի մոտ եզակի մուտք ու ելք ունեցող պաշտոնյաներից մեկը՝ հենց ինքը թաթախված է կոռուպցիայի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստերից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է իր նշանակած կադրերին հրահանգել, որ աշխատեն մաքրել փաստաթղթերը, ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ ստուգումների: «Ազգային ժողովից բողոք կա իմ վրա, պիտի մաքրեք ձեր ոլորտը, թերությունները վերացնեք, որ ամեն պահի հնարավոր է՝ ստուգում լինի»,- իր նշանակած կադրերին ասել է Արայիկ Հարությունյանը:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը լսել է ողջ բացահայտումները, եւ ներկաները տպավորություն են ստացել, թե այն Նիկոլ Փաշինյանը, որ դժգոհում էր իր ուժային բլոկից, ինքը Արայիկ Հարությունյանի մոտ «վարչապետ է աշխատում»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արայիկ Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ կայացած նիստի, իր մասին կոռուպցիոն բացահայտումների մասին, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում