«Արդար խոսք»-ը արցախցիների համար դիմել է ՄԻԵԴ
ՆերքաղաքականՕրերս տեղի է ունեցել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների հանդիպումը «Արդար խոսք» կուսակցության նախագահ Ալբերտ Մովսեսյանի եւ ղեկավար կազմի հետ, որտեղ ներկա էին մոտ 1700 արցախցի: Կուսակցությունը, ստեղծելով աշխատանքային խումբ, շուրջ երկու ամիս զբաղվում է փաստահավաք գործունեությամբ: Նպատակը՝ դիմել ՄԻԵԴ՝ պահանջելով, որ արցախցիների Արցախում թողած գույքի նկատմամբ օրենքի հանրայնացման դիմումը իրավական եւ միջազգային քաղաքական հարթակներում ստանա իր արդար լուծումը։
«ՀՀ իշխանությունն անտարբերության է մատնել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, իսկ մենք չէինք կարող անտեսել նրանց խնդիրները եւ եւս անտարբեր մնալ: Կուսակցության կողմից ստեղծվել է փաստաբանների աշխատանքային խումբ` Արցախի բնակիչ, փաստաբան Ժաննա Արզումանյանի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը ՄԻԵԴ-ում զբաղվելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաեւ բարոյական վնասի հատուցման հարցով: Ինչ վերաբերում է` արդյունք կունենանք, թե՝ ոչ, այսպես պատասխանեմ՝ անտարբերության մատնելը եւ գործ անելը տարբեր բաներ են: Եթե անտարբերության մատնենք, բնականաբար, հաստատ չենք հաջողի, գոնե փորձել պարտավոր ենք»,- ասել է «Արդար խոսք» կուսակցության նախագահ Ալբերտ Մովսիսյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ