Ինչպես Իրինա Զախարովան խաբեության զոհ դարձավ «Միսս տիեզերք» տիտղոսին հասնելու ճանապարհին
Մշակութային«Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցելու ԻՐԻՆԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ուղին անսովոր էր, բայց լի վճռականությամբ։ Համաշխարհային մրցույթին նա պատրաստվում էր մասնակցել՝ ներկայացնելով իր երկրորդ տուն դարձած Հայաստանը։ Նա թեպետ ազգությամբ ռուս է, բայց ոգեշնչված էր մեր երկիրն աշխարհի ամենահեղինակավոր բեմում ներկայացնելու գաղափարով: Սակայն, բախվեց դժվարությունների ու տհաճ անակնկալների, ինչի մասին փակագծեր է բացել «Իրավունք»-ի հետ զրույցում:
«ԻՄ ՄՏՔՈՎ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՆՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅՆ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է»
— Ինչպե՞ս կայացրիք որոշում՝ մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին՝ Հայաստանի ներկայացուցչի կարգավիճակում։ Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց։
— Մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին ինձ ոգեշնչեց մրցույթի գլոբալ մասշտաբը՝ բարձր մակարդակի վրա մրցելու հնարավորությունը։ Կյանքում սիրում եմ բարձր նպատակներ դնել եւ հասնել դրանց, մշտապես ձգտում եմ իրացնել իմ ներքին մեծ պոտենցիալը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Յուլիա Պավլիկովայի սոցիալական էջում տեսա հայտարարություն՝ «Միսս Տիեզերք» 2024 մրցույթի համար քաստինգի բացման մասին, որտեղ նշված էին հետեւյալ պահանջները. տարիքը՝ 18+ (առանց սահմանափակումների), հասակը, քաշը՝ առանց սահմանափակումների, երեխաների առկայությունը եւ ընտանեկան կարգավիճակը նշանակություն չունեն։ Մրցույթին մասնակցող աղջիկները պետք է ներկայացնեին իրենց երկիրը կամ այն երկիրը, որտեղ ապրում են, աշխատում, սովորում կամ ունեն այլ կապ։ Ես գրել եմ Յուլիային եւ հարցրել, թե ինչ այլ չափորոշիչներ են անհրաժեշտ մրցույթին մասնակցելու համար։ Նա ասել է, որ առաջին հերթին պետք է ընտրեմ այն երկիրը, որտեղից դեռ հայտ չեն ներկայացրել: Խորհուրդ տվեց բացել Վիքիպեդիան, նայել անցյալ տարի մասնակցած երկրների ցանկը եւ այդ երկրները չդիտարկել, քանի որ արդեն ունեն ազգային տնօրեններ, պետք է ընտրել ազատ երկրներ։ Իմ մտքով անմիջապես անցավ Հայաստանը, քանի որ այն իմ երկրորդ տունն է։
— Փաստորեն, Յուլիա Պավլիկովան դարձավ Հայաստանի ազգային տնօրե՞նն այս մրցույթում: Ինչպե՞ս ստացվեց Ձեր շփումը, ի՞նչ նախապայմաններ են եղել:
— Շփումն ազգային տնօրենի հետ ընթանում էր հեշտ ու բարեկամական մթնոլորտում՝ հաշվի առնելով, որ մենք նախկինում արդեն ծանոթ էինք։ Մեր համագործակցության հիմնական պայմանն այն էր, որ բոլոր ֆինանսական ծախսերը` կապված այս մրցույթի հետ՝ ներառյալ «Միսս Տիեզերք Հայաստան» լիցենզիայի գնման եւ Մեքսիկայում մրցույթի եզրափակիչին նախապատրաստվելու լիակատար ծախսերը պետք է լինեին իմ հաշվին։
— Ինչո՞ւ Ձեր մասնակցությունը հարցականի տակ դրվեց։ Ինչպե՞ս այդ ամենին արձագանքեց ազգային տնօրենը։
— Առաջին անգամ տեղեկացա այդ մասին, երբ «Միսս Տիեզերք» կազմակերպությունից սկսեցին ուղարկել նամակներ ազգային տնօրենին՝ պահանջելով ներկայացնել Հայաստանի քաղաքացիության իմ անձնագիրը։ Ազգային տնօրենը պնդում էր, որ նրանք իրավունք չունեն անձնագիր պահանջելու, քանի որ լիցենզիայում նման պայման չկա, պետք է պարզապես հաստատել, որ 6 ամսից ավելի է, ինչ բնակվում եմ Հայաստանում։ Դրան հետեւում էր իմ խնդրանքը՝ ցույց տալ այդ պայմանները, բայց Յուլիա Պավլիկովան հրաժարվում էր՝ նշելով, որ խիստ կոնֆեդենցիալ տեղեկատվություն է: Հորդորում էր շարունակել նախապատրաստությունը մրցույթին։
— Բայց ազգային տնօրենը հաստատե՞լ է, որ Ձեր կարգավիճակը թույլ տալիս է Հայաստանը ներկայացնել այս մրցույթում:
— Այո, նա հաստատեց։ Յուլիա Պավլիկովայի խոսքով` հատուկ պահանջներ չկային, պետք էր միայն հաստատել Հայաստանի հետ որեւէ կապ։ Դա շատ պարզ էր հնչում, բայց հաշվի առնելով, որ Յուլիան ինքն էլ մասնակցել էր «Միսս Տիեզերք 2023»-ին՝ Բուլղարիայից, ես վստահ էի, որ նա հասկանում է, թե ինչ է անում, եւ որ նա այս հարցում վստահելի անձ է։
«ԵՐԲ ՅՈՒԼԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ, ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՍԿՍՎԵՑ ԽԱՌՆԱՇՓՈԹ»
— Իսկ ճի՞շտ է, որ Դուք վճարել եք այս մրցույթին մասնակցելու լիցենզիայի համար։ Եվ եթե՝ այո, ապա ի՞նչ էիք ստանալու դրա դիմաց:
— Այո, դա ճշմարիտ է։ Լիցենզիայի գնելու հիմնական պայմանն իմ մասնակցությունն էր՝ «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակչին՝ Հայաստանի անունից։
— Ե՞րբ զգացիք, որ հնարավոր է` խաբվել եք։
— Երբ ինձ որակազրկեցին, Յուլիան ուղարկեց Մեքսիկա այլ մասնակից, եւ մերժեց գումարները վերադարձնել։ Համագործակցության ընթացքում շատ էմոցիոնալ պահեր են եղել։ Առաջին անգամ մտահոգվեցի, երբ նա շտապողականություն սկսեց դրսեւորել, որ վճարեմ լիցենզիայի համար՝ առանց մանրամասների քննարկման, ինչը ստիպում էր մտածել, որ գումարները չեն հասնի «Միսս Տիզերք» կազմակերպությանը։ Եվ երբ հրապարակվեց «Միսս Տիեզերք»-ի պաշտոնական հաշվում, որ Յուլիան ազգային տնօրեն է, իմ կյանքում սկսվեց խառնաշփոթ։
— Ինչպես զարգացավ իրավիճակը լիցենզիայի համար վճարելուց հետո։ Ինչ-որ պարզաբանումներ եղե՞լ են ազգային տնօրենի կողմից:
— Լիցենզիան վճարելուց հետո Յուլիան սկսեց քննարկել ազգային ընտրական մրցույթի անցկացման անհրաժեշտությունը, բայց դա որպես ձեւականություն էր ներկայացվում, որը պահանջում էր «Միսս Տիեզերք» կազմակերպությունը։ Ընտրությունն անցնում էր ձեւական, առանց բավարար հետաքրքրության, եւ մասնակցելու էին թույլատրվում բոլորը՝ նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն ապրել Հայաստանում։ Մասնակցության հնարավորություն տրվեց բոլոր այն աղջիկներին, ովքեր հայտ էին ներկայացրել, կամ որոնց Յուլիան ճանաչում էր, եւ նրանք Մոսկվայում էին ապրում: Մրցույթը հիմնականում կազմակերպված էր միայն այնքան, որ հնարավոր լինի հավաքել անհրաժեշտ թվով մասնակիցների։ Ուշագրավ էր, որ ոչ մի մասնակից չուներ Հայաստանի քաղաքացիություն կամ երբեւէ չէր ապրել Հայաստանում, այդ թվում` նաեւ այն աղջիկը, ով, ի վերջո, ուղարկվեց Մեքսիկա։ Ցավով եմ ասում, որ շատ հարգված ժյուրիի անդամները դարձան այս իրավիճակի զոհերը՝ չիմանալով այն ամենը, ինչ կատարվում էր Յուլիային կողմից։
— Տեղի ունեցածից հետո հայաստանյան հանրությունը կամ պաշտոնական անձինք սատարեցի՞ն Ձեզ, թե՞ հակառակը՝ եղել է քննադատություն՝ հաշվի առնելով, որ դուք հայ չեք, բայց փորձում էիք ներկայացնել Հայաստանը:
— Ես զգացի Հայաստանի հասարակության աջակցությունը, հասարակ մարդիկ չունեին ոչ մի խնդիր իմ մասնակցության հետ, բարեւում էին ինձ եւ հետաքրքրվում իմ պատրաստության ընթացքով։ Այո, եղել են նաեւ որոշակի հարձակումներ սոցիալական ցանցերում, բայց դա մի փոքր խմբի մարդկանց կողմից էր կազմակերպված, եւ ես ամբողջովին հասկանում էի դա ու ուշադրություն չէի դարձնում։ Պաշտոնական անձինք ոչինչ չեն մեկնաբանել այս իրավիճակի վերաբերյալ, ինչը հասկանալի է, քանի որ այժմ, քաղաքական տեսանկյունից, Հայաստանում իրավիճակն այնքան էլ կայուն չէ:
«ԻՄ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ»
— Ամեն դեպքում, ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այս մրցույթը: Ի վերջո, Դուք, հայուհի չլինելով, ի՞նչ արժեքներ էիք ուզում ներկայացնել մեծ հարթակում:
— Չնայած որ ես ազգությամբ ռուս եմ՝ Հայաստանը այն երկիրն է, որը շատ եմ սիրում։ Ես ցանկանում էի ցույց տալ բարձր արդյունքներ եւ առաջ մղել Հայաստանը համաշխարհային մրցույթում, նաեւ նպաստել այս երկրի ճանաչմանը։ Իմ կարծիքով` այն, որ ես սիրել եմ Հայաստանը եւ ցանկացել եմ օգտակար լինել երկրի հանրահռչակմանը, արդեն շատ բան է ասում։ Դա հենց այն արժեքն է, որ ցանկանում էի փոխանցել։
—Դիմե՞լ եք իրավաբանական օգնություն կամ որեւիցե մարմինների՝ Ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Պլանավորո՞ւմ եք դատական գործ սկսել ազգային տնօրենի դեմ:
— Ես իրավաբանական ընկերության սեփականատեր եմ։ Այս իրավիճակում առանց դատարան դիմելու, հնարավոր չէ, քանի որ Յուլիան պատրաստ չէ կառուցողական երկխոսության եւ հարցը հաշտորեն լուծելու։ Իմ իրավաբանները ներկայում ակտիվ կերպով պատրաստում են փաստաթղթերը՝ դատարան դիմելու համար։
— Ինչպես ազդեց այս իրավիճակը Ձեզ վրա՝ զգացական առումով։ Ի՞նչ դասեր քաղեցիք։
— Այս ամբողջ ընթացքում ես շատ լուրջ հոգեբանական ճնշում էի ապրում։ Նկատի ունենալով խնդիրները «Միսս Տիեզերք» կազմակերպության հետ՝ փաստաթղթերի հարցում, Յուլիան պահանջում էր, որ ես անընդհատ պատրաստվեմ մրցույթին՝ մինչեւ վերջին պահը։ Սակայն նա չուներ որեւէ պատրաստման պլան եւ թիմ, պարզապես, ուղարկում էր ինձ կազմակերպության պահանջներով փաստաթղթերի փաթեթներ, որոնցից ինքս պետք է գլուխ հանեի: Երբ ես ստանում էի առաջադրանքներ, դրանք սովորաբար լինում էին կեսգիշերին եւ շատ շտապ։ Կարծես թե, Յուլիան դրանցով սկսում էր զբաղվել միայն վերջին պահին, օրինակ՝ «վաղը վերջին օրն է լուսանկարները հանձնելու համար»։ Եվ ես ստիպված էի միջնաժամկետ կազմակերպել ֆոտոսեսիա։ Կամ «չափումներ արա»՝ 40 ցուցանիշ։ Ես երբեք չէի հասցնում ավարտել աշխատանքի կանոնավոր կատարումը։ Քաոսը պարզապես ինձ հոգեպես սպառեց։ Հենց սկզբից էլ արդեն հասկացել էի, որ Յուլիայից ոչինչ ակնկալել պետք չէ, եւ հավաքել էի իմ թիմը՝ օգնական, ռեժիսոր, լուսանկարիչ, տեսահոլովակների արտադրող, ոճաբան, դիզայներ, վիզաժիստ, SMM մասնագետ։ Նրանց օգնությամբ ես կարողացա կատարել բոլոր անհնարին առաջադրանքները։ Կարծում եմ՝ միայնակ նման ծանր աշխատանքը կատարելու դեպքում, երբեք չէի հասցնի նախապատրաստվել։
— Եթե դուք մասնակցեք այլ գեղեցկության մրցույթների, ապա ի՞նչ երկրի դրոշի ներքո կներկայանաք:
— Ես չեմ ծրագրում մասնակցել այլ գեղեցկության մրցույթների։
— Ինչպե՞ս եք վերաբերվում այն աղջկան, որը, ի վերջո, ներկայացրեց Հայաստանը մրցույթում։
— Կարծում եմ՝ մասնակցությունը հանուն մասնակցության համաշխարհային մրցույթում անթույլատրելի է: Հայաստանը պետք է ներկայացվեր ըստ արժանվույն` ցուցադրելով պատրաստվածություն հաղթելու նպատակով։ Այդ աղջկա ելույթն անտրամաբանական էր եւ տարօրինակ շարժումներով, առաջացրեց ծաղրի ալիք։ Նրա ազգային հագուստը, որը շատ քիչ էր նման հայկական տարազին, իսկապես, շատ անհաջող էր՝ համեմատած մյուս երկրների մասնակիցների հետ, որոնց հագուստները դիզայներական գլուխգործոցներ էին։ Անշուշտ, այս անհաջողությունը ոչ միայն մասնակցի, այլեւ ազգային տնօրեն Յուլիա Պավլիկովայի պատասխանատվությունն է, քանի որ նա գիտեր ամեն ինչ եւ, պարզապես, թողեց աղջկան այս ծանր իրավիճակում։ Այդ աղջկա ելույթը «Միսս Տիզերք»-ի եզրափակչում եւս ապացուցում էր, որ նա չուներ համապատասխան փորձ, հմտություններ կամ ֆինանսական աջակցություն, ինչը բացատրելի է՝ հաշվի առնելով, որ նա պատահական կերպով հայտնվել է այս մրցույթում։
— Եթե Դուք կարողանայիք փոխել այս իրավիճակը, ինչպե՞ս կվարվեիք։
— Եթե ես կարողանայի փոխել իրավիճակը, նախապես կհայտնաբերեի լիցենզիայի պայմանները՝ մինչ մրցույթին մասնակցելը, եւ կհրաժարվեի մասնակցությունից։
— Վերջիվերջո, ի՞նչ պատճառաբանությամբ Ձեզ զրկեցին մրցույթին մասնակցելու իրավունքից։
— Հեռացման պատճառը եղել է այն, որ «Միսս Տիեզերք» կազմակերպությունն ինձ որակազրկեց՝ իմ թեկնածության անհամապատասխանության պատճառով, քանի որ չէի համապատասխանում լիցենզիայի պահանջներին, որոնցում նշված է, որ մասնակիցը պետք է ունենա գործող քաղաքացիության անձնագիր՝ այն երկրի, որը ներկայացնում է։ Այդ մասին 2024 թվականի հոկտեմբերի 22-ին հրապարակվեց պաշտոնական մամուլի հաղորդագրություն «Միսս Տիզերք» կայքում։ Մինչ այդ, Յուլիա Պավլիկովան իր սոցիալական ցանցերում տարածել էր տեղեկություն, որ ես եմ չեղարկել մրցույթին իմ մասնակցությունը՝ ընտանեկան պատճառներով։ Այդ տեղեկատվությունը զուտ Յուլիայի կողմից հորինված էր: Երբ ես տեսա այդ հայտարարությունը, շոկի մեջ ընկա եւ անմիջապես հերքել եմ։
— Ի՞նչ հույզեր ունեցաք այդ պահին։
— Իհարկե նեղվեցի, բայց ամենից շատ ինձ հիասթափեցրեց Յուլիա Պավլիկովայի պահվածքը, որն այդ պահին արագորեն «վերափոխվեց» եւ արագ մշակեց նոր ծրագիր։ Տեղի ունեցածը նրա սխալն էր, բայց «Միսս Տիեզերք» կազմակերպությունը չխզեց նրա հետ լիցենզիայի համաձայնագիրը։ Եվ Յուլիան որոշեց ուղարկել մեկ այլ աղջկա՝ որպես մասնակցի, որպեսզի խուսափի լիցենզիայի կորուստից։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դա տեղի ունեցավ հենց իմ հաշվին, քանի որ Յուլիան հրաժարվեց վերադարձնել իմ ծախսած գումարները՝ ասելով, որ ոչինչ պարտավոր չէ։ Ընդհանուր ծախսերը հասնում էին ավելի քան 30 հազար դոլարի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ