ՇՏԱՊ. Լարված իրավիճակ՝ Մոսկովյան 5 հասցեի շուրջ
ՀասարակությունԼարված իրավիճակ է ստեղծվում Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքի շուրջ:
Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 11-ին Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունն, առանց ծանուցման, վերոնշյալ հասցեում գործողություն էին իրականացրել եւ պլոմբել դռները: Խոսքն այն նույն տարածքի մասին է, որտեղ արցախյան պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ արդեն շուրջ 13 տարի իրականացնում է հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել է երիտասարդական կենտրոն:
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Գեւորգ Գեւորգյանն այսօր վերադարձել է տարածք, բացել դռները՝ իր բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով: Եվ ահա Պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է կրկին վերադառնալ՝ կողպեքը փոխելու մտադրությամբ: Այս պահին Գեւորգյանի աջակիցները շտապում են հասնել՝ Մոսկովյան 5:
Նշենք, որ տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության բալանսում եւ անհատույց տրամադրվել էր Գեւորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացնում էր ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիր՝ երիտասարդների համար: Այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Սակայն, 2019 թվականից տարածքն այլեւս գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում եւ, ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր էր վերոնշյալ տարածքը նախ հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ հիմա արդեն խոսվում է, որ տարածքը վաճառվել է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ