Նիկոլը չուկչա էլ կդառնա, մենակ ընտրողը 3-րդ անգամ խաբվի
ՎերլուծությունՆերքաղաքական գործընթացները հուշում են, որ բոլորը պատրաստվում են ընտրությունների, ընդ որում՝ խոսքը ոչ միայն Գյումրու արտահերթ ՏԻՄ, այլ համապետական ընտրությունների մասին է: Եվ առաջին հերթին, իհարկե, այդ ընտրություններին պատրաստվում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:
Փաշինյանների ընտանիքը պատրաստ է, բառիս բուն իմաստով, ամեն ինչի՝ միայն թե չզրկվեն իշխանությունից, եւ տնից մեկը դառնա երկրի ղեկավար: Եվ սա ոչ թե իշխանատենչություն է, այլ՝ առաջին հերթին սեփական կաշին փրկելու միջոց: Նրանք լավ գիտեն, որ գեթ մեկ ժամ էլ մնան առանց իշխանության՝ լավագույն դեպքում հայտնվելու են ճաղերի հետեւում: Եվ, այո՛, այն ակտիվությունը, որը դրսեւորում է Աննա Հակոբյանը, ամենեւին էլ կատակ չէ, որ կարող է հենց նա փոխարինել արդեն բոլորին երկրի ներսում, թե դրսում հոգնեցրած Փաշինյան Նիկոլին: Ավելին՝ Փաշինյանն արդեն իսկ անոնսավորում է, որ պետք եղած դեպքում՝ կարող է նույնիսկ հայտարարել, թե Աննա Հակոբյանի հետ որեւէ կապ չունի: Երեկ նա տեսանյութ է հրապարակել ու փաստել. «Դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք: Բայց մյուս կողմից մտածում եմ, որ մեր հարաբերությունները ամրագրված են երեխաներով, եւ փաստացի արդեն որերորդ տարին Աննան հայտարարագիր է լրացնում` որպես վարչապետի տիկին: Եթե հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չունենք»,- ասել է Փաշինյանը:
Դե ֆակտո նախընտրական քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է: Իսկ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նոր դիմակով, այս անգամ ոչ թե մուրճով ու պողպատե մանդատով, այլ խեղճուկրակ իջեւանցի ռամիկի կերպարով, որ եթե ընտրողները չեն հարգում, չեն վախենում, չեն ընդունում, գոնե այս անգամ էլ խղճան ու 3-րդ անգամ խաբվեն:
Այս սցենարով առաջին ներկայացումը կառավարության նիստին բեմադրվեց: Պարզվում է՝ ի՞նչ, Փաշինյանենք, ընտանյոք հանդերձ, խնայում են էլեկտրաէներգիան ու մրսում՝ առանց ջեռուցման:
«Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում. ձմեռը գալիս է, եւ այնտեղ ապրողները սառչում են։ Քիչ է մնում՝ Իջեւանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք։ Սա չի խնդիրը. ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը, միեւնույնն է, վառվում է, բայց տունը չի տաքանում»,– սրտնեղում է Փաշինյանը՝ հույս ունենալով, թե քաղաքացին մի հատ էլ պետք է ասի՝ մենք հլը լավ ենք ապրում, բա էն խեղճ Փաշինյանն անտեր կառավարության դաչայում սառչում է: Աբսուրդի թատրոն…
ՔՊ ՀՈՒՅՍԸ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՈՐԱՏ ԴԱՐՁՆԵԼՆ Է
Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ՔՊ-ն քիչ է մնում մոմով էլեկտորատ փնտրի ընտրությունների համար, նույնիսկ չեն էլ թաքցնում: Բայց էլ ո՞վ կարող է ընտրել այս իշխանությանն այսքանից հետո: 2018-ին նրանց ընտրած զինվորների մայրերը որդիների կյանքով պատասխան տվեցին, չինովնիկները՝ վզներին դարսված քրեական գործերով, մսավաճառներն ու ընդհանրապես՝ առեւտրականները՝ առգրավված ապրանքով, խանդավառված մտավորականությունը՝ արհամարհված մնալով, էլ չասենք, որ փոփոխություններ երազող շարքային քաղաքացու կյանքը միայն ու միայն բարդացավ: Եվ ահա մնացել են միայն անհուսալի վարկեր ունեցող անձինք:
Այսպիսով՝ կառավարության կողմից հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218 հազար անհուսալի վարկառու համարվող անձանց: Իրավիճակը ներկայացնում է անգրագետ Պողոսի հարեւան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Դե նա լավագույնս գիտի` պողոսներին ինչ կուտ տալ: Թունյանն ասում է, որ ունենք մի վիճակ, երբ ինչ-ինչ պատճառներով վարկը սպասարկել չկարողացած (կամ մեկ այլ քաղաքացու երաշխավոր կանգնած) բազմաթիվ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Մի կողմից` նրանք չկատարված պարտավորություններ ունեն, որի պատճառով նրանց հաշիվները գտնվում են արգելանքի տակ: Մյուս կողմից` այս մարդիկ խուսափում են օրինական աշխատանքի ընդունվել, քանի որ իրենց բանկային քարտին աշխատավարձ ստանալու դեպքում դրա մի զգալի մասը տեղում առգրավվելու է եւ ուղղվի կուտակված պարտավորությունների կատարմանը: Արդյունքում, այս մարդիկ նախընտրում են մնալ ստվերում, աշխատել «սեւով», որպես կանոն՝ ավելի վատ պայմաներով եւ չպաշտպանված: Իսկ այն գործատուները, որոնք ցանկանում են օրինական դաշտում աշխատել եւ պատշաճ գրանցել աշխատողներին՝ իրական աշխատավարձով, աշխատող ներգրավելու հարցում լուրջ դժվարություններ են ունենում: Սա էլ իր հերթին ազդում է աշխատաշուկայի, տնտեսության, բյուջեի եկամուտների, ֆինանսական համակարգի կայունության, ստվերայնության վրա՝ բնականաբար, վատ իմաստով:
«Փակ ցիկլ է՝ իրավիճակ, երբ քաղաքացին ոչ թե պետության աջացությամբ հաղթահարում է դժվարություններն ու վերադառնում «առողջ միջավայր»՝ այդպիսով ինքն էլ ուժեղացնելով պետությունը, այլ հակառակը՝ ավելի է հեռանում այդ միջավայրից, պետության ու ֆինանսական ինստիտուտների հետ նորմալ հարաբերություններից՝ գնալով ստվեր, իսկ վատագույն դեպքում՝ խնդիրները լուծելու համար արտագաղթում կամ դիմում անօրինականությունների: Այժմ, երկար քննարկումներից հետո, կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու հաղթահարել դժվարությունները, դուրս գալ պարտքային «փակ ցիկլից» եւ նոր էջից սկսել իր տնտեսական կյանքը: Աջակցությունը ցուցաբերվելու է այն շահառուներին, որոնց վարկերը 3 եւ ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով և կազմում են մինչեւ 1 մլն դրամ», - նշում է Թունյանը:
ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` ՍՏԱՑՎՈՒՄ Է՝ ԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԱՐԻ՞Ֆ ԷՐ
Ըստ էության, ստացվում է, որ բարեխիղճ վարկառուն, պարզապես, հարիֆ էր, որ բարեխիղճ էր, կարելի էր այդպես՝ լինել անհուսալի, իսկ վերջում բանկերի հետ հաշիվները կմաքրեր իշխանությունը: Բայց Թունյանը Թունյան չէր լինի, որ այսպիսի մեկնաբանությունների համար էլ մի հուզիչ տեքստ չգրեր:
«Ասել, որ այս ծրագիրը նշանակում է պետբյուջեի՝ այլ հարկատուների հաշվին, մարել անբարեխիղճ վարկառուների պարտավորությունները, մեղմ ասած, մանիպուլյացիոն պնդում է: Այն պարզ պատճառով, որ այդ մարումը կատարվելու է հենց այդ վարկառուների վճարելիք հարկերի հաշվին: Եթե այս ծրագիրը չլիներ, այդ եկամտային հարկը չէր էլ գեներացվի կամ կմնար ստվերում (ինչպես եղել է մինչ օրս): Հուսով եմ, ծրագիրն իրեն կարդարացնի, եւ մեր հայրենակիցները կօգտվեն այս հնարավորությունից»,- գրել է նա:
Ու ի՞նչ, ստացվում է, որ բարեխիղճ վարկառուները մի հատ էլ անբարեխիղճներից պիտի շնորհակալ լինեն, որ հարկային դաշտ են մտնում, ստվերում չեն աշխատում: Օրինակ` մարդը կարող է սառնարան վարկով գնել, չկարողանա վճարել, հետո իմ ու քո վճարած հարկերի հաշվին՝ պետբյուջեից նրա պարտքը մարեն, ինքն էլ «ադալժենի» անի ու հարկային դաշտ մտնի ու քո պես հարկեր վճարի: Պարզ է չէ՞, որ այս ողջ անհեթեթությունն ունի մեկ նպատակ՝ վարկերի տակ ճռռացող քաղաքացուց վաղը սարքել ՔՊ ընտրող: Չէ որ սա ամենաաշխատող մեթոդն է, 2018-ին էլ տաքսիստներն էին վստահ, թե հեսա-հեսա արագաչափերը հանելու են, իրենց տուգանքներն էլ զրոյացվեն: Իսկ թե ինչ եղավ հետո՝ չափազանց սոսկալի է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ