Լոլիկի հյութի արդյունավետությունը զարկերակային գերճնշման դեմ պայքարում գիտականորեն ապացուցվել է
ՀասարակությունՏոկիոյի բժշկական համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունն ապացուցում է, որ լոլիկի հյութի գործածությունն իսկապես հիպոտենզիվ ազդեցություն է ունենում զարկերակային գերճնշումով հիվանդների կամ հաճախ զարկերակային ճնշման բարձրացման խնդրին բախվող մարդկանց օրգանիզմի վրա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food Science and Nutrition պարբերականում։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ լոլիկի հյութը շատ օգտակար է զարկերակային գերճնշման դեմ պայքարում, քանի որ նվազեցնում է զարկերակային ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց մոտ։
Մասնագետներն անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է նախագերճնշում կամ զարկերակային գերճնշում ունեցող 481 կամավոր։ Գիտափորձի ընթացքում կամավորները լոլիկի հյութ էին կիրառում։ Ընդ որում՝ այս ըմպելիքը կարելի էր օգտագործել գրեթե անսահմանափակ քանակությամբ, սակայն այն ոչ մի դեպքում չպետք է աղ պարունակեր։
Գիտափորձը ցույց է տվել, որ կամավորների մեծ մասի մոտ լոլիկի հյութի ընդունման ֆոնին նկատվել է զարկերակային ճնշման նվազում։ Միջինում այն նվազում էր 3 տոկոսով։
Այնուամենայնիվ գիտնականները պնդում են, որ զարկերակային գերճնշման դեմ պայքարում նման դրական ազդեցություն է ունենում բացառապես առանց աղի լոլիկի հյութը։ Նրանք խորհուրդ են տալիս բնական ըմպելիքն օգտագործել առանց հավելումների, քանի որ աղի լինելու դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում՝ նպաստելով զարկերակային ճնշման բարձրացմանը։