Սննդաբանները նշել են՝ որն է լավագույն սննդակարգը գլխուղեղի կաթվածի հավանականությունը նվազեցնելու համար
ՀասարակությունԳլխուղեղի կաթվածը խիստ վտանգավոր ախտաբանություն է, որն ունի մահացության բավական բարձր մակարդակ։ Ավելին՝ անգամ բարեհաջող ելքի դեպքում մեծ է լուծանքի հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան նման խնդրի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։
Հարվարդի համասարանի հանրային առողջապահության դպրոցի սննդաբանները ներկայացրել են այն սննդակարգը, որը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը։ Խոսքը բանջարեղենով, մրգերով, լոբազգիներով ու ամբողջահատիկ մթերքով հարուստ բուսական սննդակարգի մասին է, որը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը 10 տոկոսով։
Մասնագետների խոսքով՝ այս սննդակարգը ենթադրում է վնասակար սննդամթերքի սահմանափակում, իսկ նման սննդամթերքի տեսակների շարքին են դասվում սպիտակ հացը, ռաֆինացված շաքարն ու կարմիր միսը։ Գիտնականներն ապացուցել են այս սննդակարգի արդյունավետությունը հատուկ հետազոտությունների արդյունքում, որոնց մասնակցել է սրտանոթային հիվանդություններ չունեցող 209 508 մարդ։ Հետազոտության շրջանակներում կամավորները ներկայացրել են իրենց սննդակարգը, որից հետո գիտնականները նրանց բաժանել են հինգ խմբի՝ կախված սննդակարգից։
Որոշ ժամանակ անց կամավորներից 6241-ի մոտ գլխուղեղի կաթված է ախտորոշվել։ Գիտնականները նկատել են, որ առողջ մարդկանց սննդակարգը հիմնականում բաղկացած է եղել բուսական մթերքից, ինչն էլ թույլ է տվել մասնագետներին կազմել հատուկ սննդակարգ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար։
«Այս հետազոտության արդյունքները շատ կարևոր են հանրային առողջապահության ոլորտի ապագայի համար։ Հարկավոր է քարոզել սննդակարգը, որն ուղղված կլինի գլխուղեղի կաթվածի զարգացման վտանգի նվազեցմանը», – նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մերի Բադենը։
Մասնագետները վստահ են, որ առողջ սննդակարգի շնորհիվ կարելի է բավական երկար ժամանակ պահպանել առողջությունը։ Սակայն փորձագետները նշում են, որ այս սննդակարգը թույլ կտա նվազեցնել գլխուղեղի կաթվածի ցանկացած տեսակի զարգացման վտանգը՝ բացի հեմոռագիկ կաթվածից, քանի որ հիվանդության այս տեսակը պայմանավորված է լինում գլխուղեղում արյունատար անոթի վնասվածքով։
Նյութի աղբյուրը՝ actualnews.org