Կարծում եմ՝ Իրանը դասեր կքաղի անցյալից․ Թուրքիայի ԱԳ նախարար
ՄիջազգայինԹուրքիան Ասադի ռեժիմի տապալումից առաջ էլ պարբերաբար շեշտում էր, որ դեմ է տարածաշրջանում ցանկացած գերիշխանության։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք չենք ցանկանում տարածաշրջանում իրանական գերիշխանություն, մենք չենք ցանկանում թուրքական գերիշխանություն, մենք չենք ցանկանում արաբական գերիշխանություն։ Ո՛չ Պարսից ծոցում գտնվող արաբները չպետք է գերիշխեն միմյանց կամ որևէ այլ տեղ, ո՛չ մենք չպետք է գերիշխենք որևէ տեղ, ոչ էլ իրանցիները չպետք է որևէ տեղ գերիշխեն։ 2024-ից գնում ենք 2025, հիմա բոլոր պետությունները հասունացել են անհրաժեշտ չափով, նրանց ենթակառուցվածքներն ամուր են։ Կա շատ հզոր Սաուդյան Արաբիա, կա շատ հզոր Արաբական Միացյալ Էմիրություններ, կա շատ ազդեցիկ Կատար, կա Քուվեյթ։ Եգիպտոսն իսկապես փորձում է առավելագույնը: Այժմ մենք պետք է միավորվենք և հաստատենք մեր շահերն ու կարգուկանոնը տարածաշրջանում՝ հարգելով միմյանց սահմաններն ու ինքնիշխան իրավունքները համագործակցության մշակույթի շրջանակներում և պարտավորվելով պաշտպանել միմյանց՝ ուս ուսի տված»,- ընդգծել է Հաքան Ֆիդանը։
Հակառակ դեպքում, օգտվելով բևեռացումից, արտաքին հնարավոր միջամտությունը տարածաշրջանում կհանգեցնի երկարաժամկետ, արյունալի և ծախսատար հակամարտությունների, զգուշացրել է թուրք նախարարը։
Ֆիդանը կրկնել է, որ «Թուրքիան դեմ է գերիշխանության գաղափարին, դեմ է իմպերիալիզմի գաղափարին»։
«Ես հավատում եմ, որ նոր ժամանակաշրջանում Իրանը դասեր կքաղի անցյալից։ Մենք պետք է կառուցողական օգնություն ցուցաբերենք Իրանին։ Մենք պետք է օգնենք Սիրիայի նոր իշխանություններին՝ նրանց հայտնելով մեր դիրքորոշումը։ Համոզված եմ, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Կատարը և Հորդանանը կարող են միավորվել և լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի կարևորագույն խնդիրների լուծման համար։ Մենք արդեն սկսել ենք դա անել Աքաբայում։ Գլխավորն այն է, որ պետությունները ցուցաբերեն անկեղծություն»,- հավելել է թուրք նախարարը։