Մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, բռնագաղթից հետո բնակվում է ՌԴ-ում, Հայաստան էր ժամանել հուղարկավորության մասնակցելու համար
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած արցախցին։
Այժմ պարզաբանում եմ, որ նշածս փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված վարույթի շրջանակում արցախացի կնոջը մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։
Մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, ով 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»։