2025-ի հիմնական աստղագիտական իրադարձությունները
2025 թվականի հիմնական աստղագիտական իրադարձությունները կլինեն խավարումները՝ Արեգակի երկու մասնակի խավարում և Լուսնի երկու ամբողջական խավարում։ Դրանցից երեքը տեսանելի չեն լինի Հայաստանի տարածքից։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը
«Արեգակի առաջին խավարումը տեղի կունենա մարտի 29-ին՝ դա կլինի մասնակի խավարում։ Այն կսկսվի 12:50:35-ին և կավարտվի 16:43:25-ին: Խավարումը կտևի 3 ժամ 52 րոպե 50 վայրկյան։ Խավարման առավելագույնը տեղի կունենա ժամը 14:48:36-ին։ ՀՀ տարածքից մասնակի խավարումը չի դիտվի:
Արեգակի երկրորդ մասնակի խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Այն կսկսվի ժամը 21:29:32-ին, կավարտվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 01:53:33-ին և կտևի 4 ժամ 22 րոպե: Խավարման առավելագույնը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին ժամը 23:43:04-ին։ ՀՀ տարածքից խավարումը հնարավոր չի լինի դիտել:
2025 թվականի առաջին լուսնի խավարումը տեղի կունենա մարտի 14-ին։ Սա կլինի լուսնի ամբողջական խավարում, որը կսկսվի 09:09:33-ին և կավարտվի 12:47:48-ին: Այն կտևի 3 ժամ 38 րոպե։ Խավարման առավելագույնը տեղի կունենա 10:59:56-ին։ Լուսնի այս խավարումը նույնպես տեսանելի չի լինի ՀՀ տարածքից։ Խավարման բոլոր փուլերը տեսանելի կլինեն Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Արևմտյան Աֆրիկայում և Խաղաղ օվկիանոսում:
Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Այն կսկսվի 20:27:02-ին, կավարտվի 23:56:26-ին, կտևի 3 ժամ 29 րոպե 24 վայրկյան, առավելագույնը՝ 22:12:58: Լուսնի այս ամբողջական խավարումը ՀՀ տարածքից տեսանելի կլինի երեկոյան մինչև կեսգիշեր»։