ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՄշակութայինIravunk. com - ին, Հայաստանի Գրողների միությունից խորը ցավով տեղեկացրին, որ երկրային կյանքից անժամանակ, 62 տարեկան հասակում հեռացել է բանաստեղծուհի, Հայաստանի Գրողների միության անդամ, ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը դեկտեմբերի 16֊ին, ժամը 17։00֊ին, «Լյուար» սգո սրահում /Շահումյանի գերեզմանատան ճանապարհին /։ Վերջին հրաժեշտը նույն սրահից դեկտեմբերի 17֊ին, ժամը 13։00֊ին։ Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, ընթերցողներին։ Ներկայացնենք նրա «Ժամկետանց լռություն» գրքից մի քառատող. - Ձեր հետգրության մեջ մի օր ես գիտեմ, Դուք կավելացնեք ուշացած մի բառ, Ու բոլորից թաքուն, աննկատ մի տեղ կխոստովանեք, որ սիրել եք ինձ, որ շատ եք սիրել... Նոնա Պողոսյանը ծնվել էր 1962֊ի մարտի 6֊ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ 1969֊ից տեղափոխվել է ու բնակվել Արագածոտնի մարզի Պռոշյան ավանում։ Նա առաջին անգամ հրատարակվել է «Պիոներ կանչ» թերթում ներկայացնելով մանկական բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 2007֊ից Հայաստանի Գրողների միության անդամ էր։ 1993 թվականից ծառայում էր ՀՀ ՊՆ ֊ում, Հայաստանի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ էր։ Թղթակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի։ Պողոսյանի բանաստեղծական շարքերը թարգմանվել են պարսկերեն ու գերմաներեն լեզուներով։ Արժանացել է բազմաթիվ պարգևների. «Դրաստամատ Կանայան», Վազգեն Սարգսյան» մեդալների, «Անբասիր ծառայության համար 1֊ին, 2֊րդ, 3֊րդ, 4֊րդ աստիճանի մեդալի։ 2018 թվականին «Չկրակված փամփուշտներ» բանաստեղծական շարքի համար արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի առաջին մրցանակին, 2015֊ին «Սահման» բանաստեղծական շարքի համար արժանացել է «Պոեզիա» անվանակարգի խրախուսական մրցանակին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ