Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Սարգսյանի և Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տաք հետքերով հայտնաբերել են Աբովյան քաղաքում դանակահարություն կատարողներին, ինչի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը (վենդետան)։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացիներ դանակահարվել են։
Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց՝ ժամը 18։00-ին ոստիկանության Կոտայք բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ 2 հոգի դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կոտայք բաժնի ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Գասպարյանը և 21-ամյա Իգոր Մուսայելյանը։
Տեղում ոստիկանները պարզում են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ռոսիայի փողոցում, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Ավետիք Ծատրյանի, հիվանդանոց տեղափոխվածներ Իգոր Մուսայելյանի, Տիգրան Գասպարյանի, 23-ամյա Աշոտ Մանուչարյանի, 20-ամյա Արտուշ Մանուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա․ Մանուկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս և պատճառել մարմնական վնասվածքներ, որի ժամանակ ընկել է և իր ձեռքում գտնվող դանակով պատահաբար հարվածել է ինքն իրեն և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։ Նա նույնպես տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։Կոտայքի համայնքային ոստիկաններին հաջողվում է նաև տաք հետքերով հայտնաբերել Ա․ Մ․-երին, ովքեր տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։