Գիտնականները պարզել են՝ որ տարրն է պաշտպանում ճարպակալումից ու երկարացնում կյանքի տևողությունը
ՀասարակությունԱմերիկացի գիտնականների անցկացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որ նյութն է պաշտպանում ճարպակալումից ու նպաստում կյանքի տևողության երկարացմանը։ Մկների վրա անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նման ազդեցությամբ է օժտված սելենը: Ենթադրվում է, որ այս հավելումը նման ազդեցություն կունենա նաև մարդու օրգանիզմի վրա:
Հետազոտության շրջանակներում գիտնականները ցանկանում էին պարզել՝ արդյոք հնարավոր է երկարացնել կյանքի տևողությունն ու խուսափել ճարպակալումից առանց սննդակարգում կտրուկ փոփոխություններ անելու: Ավելին՝ նրանք նաև կիրառել են մեթիոնին ամինաթթվի մասին ունեցած տեղեկությունը, քանի որ հայտնի է, որ այս նյութի սահմանափակումն օգնում է երկարացնել կյանքի տևողությունը:
Գիտնականները մկներին բաժանել են երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սննդակարգը։ Առաջին խմբի մկները ստացել են նորմալ քանակությամբ մեթիոնին, երկրորդ խմբի մկների դեպքում դրա քանակությունը սահմանափակ է եղել, մինչդեռ երրորդ խմբի մկներն ստացել են ոչ միայն նորմալ քանակությամբ մեթիոնին, այլև որոշակի քանակությամբ սելեն, որն ավելացվել է նրանց սննդին։ Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սելենի հավելումներն ինչպես հարկն է պաշտպանում են մկներին քաշի կտրուկ ավելացումից և ճարպի կուտակումից: Ընդ որում՝ այս արդյունքը գրանցվել է նաև կրծողների երկրորդ խմբի դեպքում:
Կյանքի տևողության վրա սելենի ազդեցությունը գնահատելու համար գիտնականները գիտափորձի ընթացքում խմորիչ են օգտագործել: Պարզվել է, որ սելենով հարստացված միջավայրում աճեցված լինելու դեպքում դրանք 62%-ով երկարացրել են կյանքի տևողությունը: Մեծ է հավանականությունը, որ այս հավելումը նույն ազդեցությունը կունենա նաև մարդու վրա, սակայն այս ենթադրությունը հաստատելու համար դեռ հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ: