Տատը մեղադրում է մորը. մանրամասներ՝ «Վանաձոր» ԲԿ-ում կյանքից հեռացած 13-ամյա աղջկա դեպքից
Այսօր «Վանաձոր» ԲԿ-ում մահացած 13-ամյա երեխայի տատը ArmLur-ին մանրամասներ է ներկայացրել ընտանիքի վերաբերյալ: Նրա խոսքով, ընտանիքի մայրը պարբերաբար ծեծում էր երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց:
Դեպքից երկու օր առաջ տատը հեռախոսով խոսել է թոռան հետ, ով բողոքել է, որ ցավեր ունի ոտքերի շրջանում: Դրանից հետո երեխաների հետ կապ հաստատել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:
Վանաձոր» բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնել են, որ հիվանդանոց է ընդունվել 13-ամյա աղջիկ երեխա` միջին ծանրությամբ:
«Ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները, ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաեւ նեղ մասնագետների հետ, ախտորոշման հստակեցման եւ բուժական տակտիկայի վարման հետ կապված:
Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում: Առավոտյան 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել է բաժանմունքի վարիչ Ա. Համբարյանը և մանկական ռեանիմատոլոգ Ի. Անտոնյանը: Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները:
Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- նշել են հիվանդանոցից: