Բանտերից հազարավոր մարդիկ են ազատ արձակվել, կա ինֆորմացիա, որ փողոցում կախել են Ասադի զարմիկին․ Թուրքագետ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին
ՀանդիպումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թուրքական պետությունը հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, այս մասին հայտնել է TRT Haber-ը։ «Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և միասնական կառուցվածքի պահպանման օգտին, և որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի Սիրիայի վերածննդի և վերականգնման գործում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նաև նշել է, որ իր երկիրը միջոցներ կձեռնարկի Սիրիայում ազգային անվտանգության պահպանմանը՝ ընդդիմության կողմից հարուցվող վտանգի, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության սպառնալիքների դեպքում։
Բայց ահա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայանը վստահ չէ, որ Թուրքիային կհաջողվի պահպաննել Սիրիայի տարածքային ամբողջականությունը․
-Կասկածում եմ, որ այն խնդիրները, որոնց առջեւ է կանգնել է այսօր Թուրքիան՝ մանավանդ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, Թուրքիայի ուժերում են։ Թուրքիայի համար սրանք շատ դժվար իրականանալի խնդիրներ են, որովհետև իշխանության եկած ուժերը միատարր չեն։ Այստեղ ջիհադիստների տարբեր տարրեր կան։ Նրանց միջև հարաբերությունները շատ վատ են։ Նույնիսկ այն ջիհադիստները, որոնք փորձում են հանդես գալ այսպես ասած նոր կերպարանքով՝ ավելի քաղաքակիրթ տեսքով, առաջ են եկել ջիհադական միջավայրից։ Իսկ օրինակ նրանց առաջնորդի համար ամերիկացիները գլխագին են հաստատել՝ 10 միլիոն դոլար։ Մինչև հիմա այդ գլխագինն ուժի մեջ է մնում։ Սա մեկ։
Երկրորդ, բացի այն, որ ջիհադիստական խմբավորումները բազմաբնույթ են, պետական ապարատը նորմալ վիճակում չէ։ Մյուս կողմից բանտերից հազարավոր մարդիկ են ազատ արձակվել, որոնցից շատերը ևս ջիհադիստներ են։ Կան կողոպուտների, սպանությունների, հրկիզումների մասին բազմաթիվ տվյալներ։ Կան տվյալներ, որ ամբոխը հաշվեհարդար է տեսնում Ասադի ընտանիքի և իշխանության հետ ասոցացվող մարդկանց հետ։ Մասնավորապես, ինֆորմացիա կա, որ փողոցում կախել են Ասադի զարմիկին։ Հիմա շատ ուժեղ իշխանություն պետք է լինի, որպեսզի կարողանա սաստել այս ամենը։ ։
-Բոլոր թվարկված խնդիրների շարքում որքա՞ն կարևոր է քրդական խնդիրը։
-Իսկապես, մյուս խնդիրը, որ կանգնած է Սիրիայի առջև, քրդական խնդիրն է։ Քրդական ուժերը հիմնականում չմասնակցեցին այս շարժմանը, և թուրքերը փորձելու են թուլացնել քրդերական գործոնը Սիրիայում։ Թուրքիան պետք է ամեն կերպ աշխատի թուլացնել քրդական գործոնը։ Դա շատ կարևոր է։ Այժմ պետք է ընթանա Սիրիայի իշխանության այսպես կոչված խաղաղ փոխանցման գործընթաց, և դա պետք է հանգեցնի նոր սահմանադրության հռչակման։ Իսկ այդ նոր սահմանադրության մեջ քրդերն ի՞նչ դերակատարում պետք է ունենան՝ ինքնավարությո՞ւն, թե մաս կկազմեն իշխանությանը, թե ընդհանրապես անկախություն կհայտարարեն։ Այնպես որ, քրդերի հետ կապված խնդիրները շատ բարդ են։
Մյուս խնդիրը փախստականների հարցն է։ Թուրքիայում 3,5 միլիոնից ավելի սիրիացի փախստական կա, և Թուրքիան պետք է նպաստի նրանց վերադարձին։ Մի մասն, իհարկե, կցանկանան վերադառնալ, բայց Ստամբուլում և մնացած մեծ քաղաքաներում տեղավորված սիրիացի փախստականները չեն ցանկանա վերադառնալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ նորից մնում եմ այն համոզման, որ Թուրքիան այս բոլոր խնդիրներից գլուխ չի հանի։
-Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ կասեք իսրայելական գործոնի մասին։
-Այո՛, իսրայելական գործոնը կա։ Անընդհատ հարվածում են. օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հարվածներ են հասցվում սիրիական բանակի զենքի կենտրոնացման կետերին։ Այնպես որ, արդեն փաստ կա, որ իսրայելական բանակը ոչ միայն լրիվ գրավել է Հոլանի բարձունքները, այլև առաջ եկել Սիրիայի տարածք։ Իսրայելական բանակի զինվորները մի քանի տասնյակ կիլոմետրի վրա են Դամասկոսից։
Սիրիայի արևելքում կան , իհարկե, սահմանափակ ամերիկյան զորքեր, որոնք իրենց ձեռքում են պահում նավթի կարևոր հանքերից մեկը։ Բացի դրանից՝ ամերիկացիներն էլ մինչև այժմ հովանավորում էին քրդերին, սակայն հիմա փաստեր կան, որ փորձում են այդ հովանավորչությունից խուսափել։ Նրանք փորձում են համագործակցել թուրքերի հետ։
Չմոռանանք նաև ռուսական բազաների մասին։ Դրանք մինչև հիմա մնում են։ Չնայած այս նոր իշխանությունները խոսք են տվել ռուսներին ձեռք չտալ, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ պահի ռուսներին կստիպեն դուրս գալ այնտեղից։
Մյուս կողմից կա ալանիների խնդիրը. դա այն աղանդն է, որի ներկայացուցիչն է Ասադի ընտանիքը, և նրանք հիմնականում տեղակայված են Միջերկրական ծովի ափին։ Այժմ չի բացառվում, որ Ասադի կողմնակիցները հավաքվեն և կենտրոնանան այնտեղ։
Փաստորեն Թուրքիան իր վրա է վերցրել այս բոլոր խնդիրների կծիկը և պետք է կարգավորի բոլոր այս խնդիրները, ինչին ես կասկածում եմ։ Թուրքերն ամեն ինչ խառնեցին, քաոս ստեղծեցին, հիմա էլ, ինչպես ասում են, թող տակից դուրս գան։