Գործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու․1 տոննա ոչ սպանդանոցային ծագման մսի ոչնչացման հետքերով
ՀանդիպումՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մսի շուկայում իրականացրել է վերահսկողական գործողություն, առգրավել ոչ սպանդանոցային միս, սակայն մսավաճառները դժգոհություն են հայտնել՝ նշելով, որ այդ դեպքում պետք է ողջ երկրի տարածքն ապահովել սպանդանոցներով։ Մսավաճառների ու ոստիկանների միջև բախում է եղել։ Կան ձերբակալվածներ։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը միանշանակ կողմ է, որ իրականացվի պետական վերահսկողություն, բայց մինչև դրան գալը փաստենք, թե ինչ իրավիճակ ունենք․
-Մենք ունենք օրենքով կարգավորված թվացյալ իրավական դաշտ, համաձայն որի՝ միսը, որն իրացվում է, պետք է լինի սպանդանոցային ծագման, նաև օրենսդրորեն կարգավորվում է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա չէ իրացման, ենթակա է առգրավման, ոչնչացման։ Բայց մյուս կողմից ստեղծված է մի իրավիճակ, երբ սպանդանոցային հզորությունները բավարար չեն երկրով մեկ ամբողջ ծավալով ապահովել սպանդանոցային ծագման մսի իրացում։ Կան սպանդանոցներ, որոնք միայն սեփական տնտեսության միսն են մորթի ենթարկում, այլ տնտեսություններից կենդանի չեն ընդունում մորթի համար, իսկ մնացած տնտեսավարողները, որոնք բոլորի կենդանիներն էլ պատրաստ են մորթել, նրանց հզորությունները երկրով մեկ բավարար չեն։ Ավելին՝ զուտ քաղաքականության մշակման տեսանկյունից գործադիրը հաշվի չի առել, որ կան սեզոններ, այդ թվում հատկապես Ամանորին ընդառաջ, երբ իրացման ծավալներն էականորեն աճում են։ Կամա թե ակամա որոշ տեղերում մենք ունենալու են իրացվող մսամթերք, որը սպանդանոցային ծագում չունի, կամ ունենալու ենք իրավիճակ, երբ քաղաքացին ցանկանալու է գնել միս, շուկայում չի լինելու այդքան միս։
Մասնագետի դիտարկմամբ․
-Չի մշակվել իրավական ընթացակարգ, որպեսզի նման դեպքերում, թեկուզ ոչ սպանդանոցային ծագման, բայց համապատասխան անասնաբուժական հսկողություն անցած և անվտանգությունը երաշխավորված մսի իրացման հետ գործ ունենանք։ Այսօրվա իրավիճակում մի կողմից գործ ունենք առնվազն 100 մարդու իրավունքի և շահի հետ, բայց եթե հսկողության չանցնելու դեպքում շուկայում հայտնվի, օրինակ, սատկած կենդանու միս, ապա մեկ սատկած կենդանու մսի իրացման շահառու դառնում է հազարից ավելի քաղաքացի։ Բայց այն, որ, ըստ էության, ունենք շատ ավելի խորը պրոբլեմ ու խնդիրը համակարգային լուծում չի ստացել, գործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու: Անհրաժեշտ է մեխանիզմ, որպեսզի եթե հզորությունը չի բավականացնում, շուկան ապահովենք մթերքով, որը հարկավոր է։
Անդրադառնալով մսի ոչնչացման իրավաչափությանը մեր զրուցակիցը նկատում է․
-Տեսուչները ոչ սպանդանոցային ծագման միսն օրենքով առգրավելու և ոչնչացնելու իրավունք ունեն, բայց մյուս կողմից, եթե ոչնչացնում ու առգրավում են, նաև մարդու իրավունքի իրացման տեսանկյունից պետք է այդ ամեն ինչը փաստաթղթավորվի, որպեսզի եթե ինչ-որ մեկը որոշի վաղը դիմել դատարան, իմանա, թե որքան փոխհատուցում կարող է ստանալ։
Երբ բիզնեսը տեսնում է, որ դու հսկում ես, ինքը կառուցում է, երբ բիզնեսը տեսնում է, որ սպանդանոցները դարձել են թուղթ վաճառելու, ոչ թե մորթի տեղ, եղածն էլ է բավարար այդ թղթերը վաճառելու համար։ Այն, որ պետք է խստագույնս վերահսկել, այդտեղ երկրորդ կարծիք չկա, որ պետք է թղթի վաճառքը բացառել, այդտեղ էլ երկրորդ կարծիք չկա, բայց գործ չանել ու արդյունք ակնկալելն էլ է սխալ։ Ամեն օրենք չէ, որ նշանակում է օրենքն ունես, նշանակում է արդյունքն էլ կունենաս։