Հոտառության վատթարացումը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասին
ՀասարակությունՎերջին շրջանում հոտառության կորուստը մտազուգորդվում է միայն կորոնավիրուսային վարակի հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում այս ախտանշանը կարող է հուշել նաև մի շարք այլ վտանգավոր հիվանդություների մասին, որոնց շարքին կարող է դասվել անգամ Ալցհեյմերի հիվանդությունը։
Ինչպես գրում է medikforum.ru կայքը, ՄաքԳիլի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մաստակի, կիտրոնի ու բենզինի հոտերը տարբերակելու անկարողությունը կարող է հուշել Ալցհեյմերի հիվանդության զարգացման բարձր հավանականության մասին։ Հետազոտություններին մասնակցել է 274 մարդ, որոնց մոտ առկա էր Ալցհեյմերի հիվանդության զարգացման նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն։
Հետազոտության շրջանակներում գիտնականները մասնակիցներին տվել են ուժեղ ու թույլ հոտերով քարտեր՝ խնդրելով տարբերակել դրանք։ Բացի այդ, 100 կամավոր համաձայնվել է նաև կանոնավոր լյումբալ պունկցիայի պրոցեդուրա անցնել, որի ընթացքում գիտնականները նրանցից ողնուղեղային հեղուկի նմուշներ են վերցրել դրանցում Ալցհեյմերի հիվանդության հետ կապված սպիտակուցների հայտնաբերման և ուսումնասիրման համար։