Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (UAF) բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ), քանի որ աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպայի որակավորման գոտու վիճակահանության հեռարձակման ժամանակ ցուցադրված քարտեզում Ղրիմը ներկայացվել է Ռուսաստանի տարածքում:
«Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան նամակ է ուղարկել ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆստրոմին և ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսին՝ աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպայի որակավորման գոտու վիճակահանության արարողության ժամանակ Ուկրաինայի քարտեզի պատկերում անընդունելի սխալի վերաբերյալ»,- նշված է UAF-ի հայտարարությունում:
Ղրիմը Ռուսաստանի տարածք է դարձել 2014 թվականի մարտին հանրաքվեից հետո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլին: