ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ
ՎերլուծությունՀարցադրումը, թե ԱՄՆ նորընտիր բիզնեսմեն նախագահը հարավկովկասյան գոտում իրեն արժանի բիզնես շահ տեսնո՞ւմ կամ չի՞ տեսնում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=300216&l=am), իհարկե, կարեւոր է այն իմաստով, թե մեր տարածաշրջանում ԱՄՆ-ից ինչ նոր քաղաքական կուրս կարելի է սպասել: Տեսանելի նման շահ չկա. անգամ ադրբեջանական ոչ մեծ (աշխարհի մասշտաբով) նավթագազային պաշարները այն ծավալները չեն, որը Թրամփի համար ռազմավարական դիրքերից հետաքրքրություն ներկայացնեն: Իհարկե, կարելի է որպես ԱՄՆ-ի բիզնես շահ «գրանցել» Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա լոգիստիկայի թեման, թե ամերիկացիներն այդպիսով կարող են ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները տեղափոխել Արեւմուտք: Սակայն սա հին վեճի թեմա է, որը հանգել է այն մտքին, որ մինչ Կենտրոնական Ասիա հասնելը, կա Կասպից ծով, որը Ռուսաստանն ու Իրանն ի զորու են անանցանելի դարձնել ցանկացած արեւմտյան միջամտության դեպքում: Այսինքն, սա Թրամփի համար կոնկրետ բիզնես շահի փոխարեն դառնում է աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլ Ռուսաստանի հետ: Ուլտրալիբերաստ համակարգը հենց այդ պայքարն է մղում, սակայն այստեղ շահերը մի փոքր այլ են: Մեր մեծ տարածաշրջանը ուլտրալիբերալների համար մեծ փողեր ուղղորդելու գոտի է, եթե անգամ դա վերածվում է անվերադարձ ծախսերի: Նրանց եկամուտն այստեղից չէ, այլ բուն փող ծախսելուց. որքան շատ ծախս, այնքան կավելանա ԱՄՆ արտաքին բեռը, այսինքն՝ այդքան շատ դոլար կտպվի: Օրինակ, ժամանակին երկրորդ իրաքյան պատերազմի հաշվին ԱՄՆ պետական պարտքը 5 տրիլիոնով ավելացավ. այդքան տպեցին, որի մոտ 90 տոկոսը մաքուր եկամուտ է հայտնի կլանների համար:
Սակայն թրամփյան թիմը, որը խոսում է պետական պարտքի աճը կանգնեցնելու, անգամ՝ դոլարի հաստոցը պետական վերահսկողության տակ վերցնելու մասին, հակառակ կուրսի մեջ է: Առավել եւս, որ այդ դոլար տպելու բիզնեսն արդեն հասցրել է այն կետին, որից այն կողմ Երրորդ աշխարհամարտն է: Այսինքն, Կասպից ծովում ՌԴ-ի հետ սուր հակամարտության հետեւանքը արդեն անգամ լիբերաստներն են հասկանում, էլ ուր մնաց՝ դոլարային այդ գործընթացների հակադիր դիրքերից հանդես եկող Թրամփը:
Ի դեպ, նախօրեին մեկ հետաքրքիր եւ լայն արձագանք չստացած դրվագ եւս նկատվեց: Երկար ընդմիջումից հետո Դուբայում կայացել է միջուկային հինգ հիմնական պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը։ Սրանք առաջին լիարժեք խորհրդակցություններն էին միջուկային «հնգյակի» ձեւաչափով` Չինաստանի ամենամյա նախագահության շրջանակներում։ Հանդիպման առանցքային թեման, ինչպես հետեւում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունից, միջուկային դոկտրիններն էին: Պեկինը կարծում էր, որ ներկա պայմաններում այդ հարցի քննարկումը միջուկային ուժերին թույլ կտա խուսափել թյուրիմացություններից ու սխալ հաշվարկներից։ Մյուս մայրաքաղաքները, ըստ երեւույթին, պաշտպանում էին այս մոտեցումը, որն առանձնակի արդիականություն է ձեռք բերել՝ հաշվի առնելով վերջերս Ռուսաստանի կողմից նորացված միջուկային դոկտրինի ընդունումը:
Կարճ ասած, ծայրահեղ վտանգը տեսնում են բոլորը, եւ երբ թեման տեղափոխում են քննարկումների դաշտ, դա եւս մեկ բանի մասին է ակնարկում՝ առաջ գնալու ցանկությունն անգամ այս իրավիճակը հրահրողների մոտ է սկսել մտածելու տեղիք տալ: Իսկ սա, ավելի ճիշտ՝ նման տարաբնույթ մեծ ու փոքր դրվագները էլ ավելի ռեալ են դարձնում սպասելիքները, որ հունվարի 20-ն իրոք կարող է դառնալ շրջադարձային կետ: Այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար: