Ավստրալիայում որոշել են 16 տարեկանից ցածր երեխաներին արգելել սոցցանցերից օգտվել
ՀասարակությունԱվստրալիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերում օգտահաշիվներ ստեղծելու արգելքին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Օրենքին կողմ են քվեարկել 115 պատգամավորներից 102-ը։ Կանաչները և մի շարք անկախ պատգամավորներ դեմ են քվեարկել։ Եթե օրինագիծն ընդունվի Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի կողմից, Snapchat, TikTok, Instagram հարթակները, Reddit-ը և X-ը ստիպված կլինեն արգելել մինչև 16 տարեկան երեխաների կողմից օգտահաշիվների գրանցումը։ Օրենքի պահանջը չկատարելու դեպքում ընկերություններին սպառնում է 32,2 միլիոն դոլարի տուգանք։
Օրենքի ընդունման նախաձեռնողներից մեկը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն է, որն ասել է, թե ակնկալում է դրա «անվերապահ հաստատումը» մինչև շաբաթվա վերջ։
Լունդի համալսարանի սոցիոլոգ Ռոլանդ Պաուլսենն ավելի վաղ The Conversation-ում հրապարակած հոդվածում անդրադարձել էր երեխաների հոգեկան առողջության վրա սոցցանցերի ավերիչ ազդեցությանը՝ նշելով, որ եվրոպական շատ դպրոցներում սմարթֆոններն արգելվել են այդ պատճառով։ Մասնագետը, այդուհանդերձ, նշել էր, որ երեխաների և երիտասարդների շրջանում անհանգստության աճը չի կարող վերագրվել միայն տեխնոլոգիային:
Ըստ նրա՝ դեռ մինչև սմարթֆոնների լայն տարածում ստանալը, ցածր և բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեկան հիվանդությունների տարածվածության տարբերություններ կային։ Ավելի հարուստ երկրների բնակիչներն ավելի շատ են միտված այսպիսի խանգարումներ ունենալ: Սա կարող է նշանակել, որ ոչ թե սմարթֆոններն են հանգեցնում դեպրեսիայի և անհանգստության, այլ ժամանակակից աշխարհում անորոշության նկատմամբ աճող անհանդուրժողականությունը, ռիսկերից խուսափելու մոլուցքը և ընդհանրապես աշխատանքի և կյանքի անիմաստության զգացումը: