Քնի պակասը կարող է հանգեցնել ներքին օրգանների ճարպակալման․ հետազոտություն
ՀասարակությունԱմեն օր 4 ժամից պակաս քնելը կարող է դառնալ ներքին օրգանների շուրջ մեծ քանակությամբ ճարպերի կուտակման պատճառ, ինչն էլ իր հերթին լրջորեն վտանգում է սրտամկանի ու երիկամների առողջությունը։
Ռոչեսթերի Մայո կլինիկայի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը հանգեցնում է ոչ միայն հոգնածության, այլև ներքին օրգանների ճարպակալման։ Մի շարք մասնագետների խոսքով՝ նման ճարպակալումն ավելի վտանգավոր է, քան արտաքին ճարպակալումը, որը տեսանելի է անզեն աչքով։ Ներքին օրգանների ճարպակալման դեպքում մարդը կարող է անգամ սլացիկ կազմվածք ունենալ, մինչդեռ օրգանները շրջապատող ճարպը կարող է հանգեցնել լուրջ դիսֆունկցիաների։
Մասնագետների խոսքով՝ քնի պակասը հանգեցնում է վիսցերալ ճարպի՝ որովայնում կուտակվող ճարպի մակարդակի բարձրացման, ինչն էլ ժամանակի ընթացքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել սրտամկանի և այլ օրգանների համար։ Այս հետազոտության արդյունքներն անչափ կարևոր են, քանի որ ներկայում քնի պակասը շատ տարածված խնդիր է, ինչն էլ նշանակում է, որ այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ մոլորակի բնակչության զգալի մասի համար։