Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգ
ՄշակութայինԴեկտեմբերի 21-ին` ժամը 16:00, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի մենահամերգը։
Համերգի ծրագիրը բաղկացած է բացառապես տարբեր դարաշրջանների հայ հոգևոր երգասացություններից և հայ դասական կոմպոզիտորների խմբերգերից։ Նպատակը` հանրայնացնել առաջնահերթ հայ հոգևոր երգասացությունները, որոնք ներկայումս լայն հանրությանը ծանոթացնելու խնդիր կա։ Այնուհետև կհնչեն հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում` Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, Առնո Բաբաջանյան և այլն։
Համերգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերոնշյալ երգասացությունները հնչելու են երիտասարդ ուսանողների կատարմամբ, քանզի քոլեջի պատերի ներքո երգչախումբը նպատակ է դրել և՛ ինքնակրթվել` երգելով այս խմբերգերը, և՛ հանրայնացնել դրանք` մատուցելով երաժշտական լայն հասարակությանը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարը Գրիգոր Հարությունյանն է, որն ի մոտո ծանոթ է հայ հոգևոր երաժշտությանը, քանզի արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ իր ծառայությունն է բերում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում` սկզբում որպես երգեհոնար, այնուհետև երգչախմբի խմբավար-դպրապետ։
Խմբավարը արդեն 10 և ավելի տարիներ իր գործունեությունն է ծավալում թե՛ եկեղեցում, թե՛ նրա պատերից դուրս` ծավալելով նաև մանկավարժական գործունեություն։ Այս շրջանում բազմիցս նրա ղեկավարած երկսեռ, միասեռ և մանկական երգչախմբերը հանդես են եկել հայ կոմպոզիտորական արվեստի հանրայնացմամբ` մենահամերգների շրջանակներում։
Համերգի մուտքն ազատ է, քանզի այն միտված է լայն հանրությանը ծանոթացնելու հայ խմբերգային երաժշտության անգին գոհարներին։