Հայտնի է՝ որ տարրով հարուստ մթերքն է նվազեցնում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը
ՀասարակությունԱմստերդամի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կալիումի բարձր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է արյան ճնշումը։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են European Heart Journal պարբերականում։
Գիտնականների խոսքով՝ այս միկրոտարրն օգնում է պահպանել սրտամկանի առողջությունը։ Ընդ որում՝ նման սննդակարգը շատ ավելի օգտակար է կանանց համար, քան տղամարդկանց։
Հետազոտությանը մասնակցել է 40-79 տարեկան 11 267 տղամարդ և 13 696 կին։ Այն անցկացվել է 1993-1997 թվականներն ընկած ժամանակահատվածում։
Հետազոտության շրջանակներում կամավորները հատուկ հարցաշարեր են լրացրել իրենց կենսակերպի մասին։ Բացի այդ, մասնագետները չափել են նրանց զարկերակային ճնշումն ու մեզի նմուշներ են վերցրել, որից հետո հինգ տարի շարունակ հետևել են վերոնշյալ ցուցանիշներին։
Գիտնականները պարզել են, որ սննդակարգում առավել շատ կալիում օգտագործող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների վտանգը 13%-ով ավելի ցածր է լինում, քան այն մարդկանց մոտ, որոնք այն ամենաքիչն են օգտագործում։ Ավելին՝ կանանց ու տղամարդկանց ցուցանիշների համեմատությունը ցույց է տվել, որ այդ վտանգը միջինում նվազել էր 11%-ով և 7%-ով համապատասխանաբար։
Այսպիսով գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կալիումով հարուստ մթերքն անչափ օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների հավանականության նվազեցման համար, իսկ այս տարրով առավել հարուստ են բանջարեղենը, մրգերը, ընկույզները, կաթնամթերքը, լոբազգիներն ու ձկները։