Ցերեկային քունը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի ու զարկերակային գերճնշման հավանականությունը․ հետազոտություն
ՀասարակությունԱմերիկյան սրտաբանական ասոցացիայի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկային քնի սիրահարների մոտ զարկերակային գերճնշման ու գլխուղեղի կաթվածի հավանականությունն ավելի բարձր է լինում։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Hypertension պարբերականում։
Հետազոտությունների շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 360000 բրիտանացուց ստացած տվյաները, մասնավորապես՝ նրանց կենսակերպը նկարագրող օրագրերն ու արյան, մեզի և թքի նմուշները։ Գիտական աշխատանքին մասնակցել են նախկինում զարկերակային գերճնշում կամ գլխուղեղի կաթված չունեցած կամավորներ, որոնց գիտնականները բաժանել են տարբեր խմբերի՝ ըստ ցերեկային քնի հաճախականության։
Ստացված տվյալների վերլուծությունից հետո հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ցերեկային քնի սիրահարների մոտ զարկերակային գերճնշման զարգացման վտանգը բարձր է 12 տոկոսով, իսկ գլխուղեղի կաթվածինը՝ 24 տոկոսով։ Ընդ որում՝ որքան երիտասարդ է մարդը, այնքան զարկերակային գերճնշման հավանականությունն ավելի է բարձրանում (մոտ 20%-ով)։
Բացի այդ, հետազոտության մասնակիցներից ոմանք նաև ընդգծել են, որ ցերեկային քունը բացասաբար է անդրադառնում գիշերային հանգստի վրա, ինչն էլ իր հերթին վատ ազդեցությունն է ունենում առողջության վրա։