Հալեպից մարդիկ կան, որոնք պատրաստվում են գալ Հայաստան. Հակոբ Մարանյան
ՆերքաղաքականՍիրիայում ստեղծված իրավիճակը շարունակում է շատերի ուշադրության կենտրոնում մնալ: Ինչպես գիտենք, Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները մտել էին կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք եւ գրավել դրա մեծ մասը: Իսլամիստ զինյալների կողմից մեծ մասամբ գրավված Սիրիայի Հալեպում հազարավոր հայեր են բնակվում։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է հալեպահայ ՀԱԿՈԲ ՄԱՐԱՆՅԱՆԻ հետ, ով մեզ է տվել մի քանի տեղեկություններ՝ կապված Հալեպի եւ տեղի հայության վիճակի հետ կապված:
— Պարոն Մարանյան, այս պահին ինքներդ կապ ունե՞ք Հալեպում մնացած մեր հայրենակիցների հետ:
— Այո, կապը կա: Մենք կապ պահում ենք մեր հայրենակիցների հետ, եւ կարող եմ ասել, որ նորմալ է ամեն ինչ: Հոսանքը տալիս են, ջուրը տալիս են, եւ այս պահին ամեն ինչ կարգին է: Հստակ, որպես այդպիսին, խնդիր չեմ կարող նշել, բայց ճանապարհները փակ են: Եթե ճանապարհները բացվեն, արդեն թվով շատ հայեր եւս ետ կգան:
— Իսկ նրանց հետ որ խոսում եք, ի՞նչ վիճակում են գտնվում այժմ:
— Չէ, վատ բան չկա: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նորմալ վիճակում են:
— Պատրաստվո՞ւմ են արտագաղթել եւ գալ Հայաստան:
— Այո, մարդիկ կան, որոնք պատրաստվում են գալ Հայաստան, բայց ճանապարհները փակ են հիմա, և չեն կարող Հալեպից դուրս գալ:
— Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սիրիայում տեղի ունեցածին:
— Իմ կարծիքով՝ այն ամենը, ինչ կատարվեց, պետք է վաղուց արդեն լիներ: Ասեմ ավելին, երեւի թե, տասը տարի առաջ այն պետք է լիներ: Այն, ինչ տեղի ունեցավ, կարծես թե, այժմ այլեւս զարմանալի չէ:
— Ի՞նչ կարելի է սպասել Սիրիան զավթած նոր ուժերից:
— Հստակ բան չեմ կարող ասել, որեւէ կոնկրետ բան չկա, եւ բոլորս սպասում ենք, թե հետոն ի՞նչ պետք է լինի:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ