Վարդանիկ, դե ճվա՛…
ՎերլուծությունԳյումրիում երեկ ավարտվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի, այսպես ասած, նախնական, դե ֆակտո ընտրությունները: Նիկոլ Փաշինյանը «փրայմերիզ» է մոգոնել, որն իրենից ենթադրում է, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի այն թեկնածուն, ով ամենաշատ ձայները կհավաքի։ Արդյունքում առաջադրվել է յոթ թեկնածու` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթեւի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ, «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լեւոն Անանյանը: Հաղթող ճանաչվեց Սարիկ Մինասյանը, որն էլ կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար։
Ըստ էության, ամեն ինչ շատ պարզ է, թոզ փչել անգամ սեփական թիմի աչքերին, թե ինչքան ժողովրդավար է ժողվարչապետը, իսկ իրականում այր ու կին Փաշինյանները որոշեցին, թե ով պետք է նստի բաղձալի աթոռին, այն էլ` ժամանակավոր: Չէ որ ակնհայտ է` առաջադրվել են այն մարդիկ, որոնց, ուղղակի, ասվել է, որ պետք է առաջադրվեն: Ամեն մեկը հլու-հնազանդ ստանձնել է իր դերն ու անցել գործի: Իսկ իրականությունն այն է, որ գյումրեցիները ստիպված են ընտրել վատի ու վատագույնի միջեւ, որովհետեւ իրենց, միեւնույնն է, հրամցվում է այս կամ այն կալիբրի ՔՊ-ական թեկնածու, որին եթե ընտրող լինեին, ապա ավագանու ընտրություններին կընտրեին, այլ ոչ թե թեկուզ «Բալասանյան» դաշինքին, բայց ոչ երբեք որեւէ ՔՊ-ականի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու 14 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հրաժարական ներկայացրին, որից մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 26-ին, Փաշինյանը ազդարարեց, թե Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց իր միջամտության, այդպիսով դեկտեմբերի 5-ին խորհրդարանն արեց օրենսդրական հարմար փոփոխություններ, որպեսզի վերջինս կարողանա նշանակել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն՝ Գյումրին մնաց առանց քաղաքագլխի, իսկ անտերության մատնված ավագանիում այս պահին մեծամասնություն են կազմում ՔՊ-ականները, որոնք էլ հայտարարել էին, թե իրենց կազմից քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, որովհետեւ «Բալասանյան դաշինքի» հեռանալուց հետո ավագանին այլեւս լեգիտիմ չէ:
ԳՅՈՒՄՐԻՆ ԵԼՔ ՉՈՒՆԻ՞
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, շատ լավ գիտակցելով յուր քաղաքական ուժի գահավիժող վարկանիշը, խուսափեց այս պահին ընտրությունների գնալ, հատկապես, որ մի առանձնապես արժանի թեկնածու էլ չուներ: Մինչեւ անգամ քաղաքապետի ամենահավանական ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութ օգտագործելու մեջ մեղադրեցին: Իհարկե, երկար խուսափել այս ընտրություններից չի հաջողվի, ուստի՝ ի հայտ են եկել նաեւ ՔՊ-ից դուրս հայրաքաղաքի «փրկիչները»:
Այս շարքում առաջին տեղում է ո՛չ ավել, ո՛չ պակաս Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մարդ, ով ընդամենն ամիսներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էր ոչ թե կրկին քաղաքապետ դառնալու հայտով, այլ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող իր եւ որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով: Եվ ի՞նչը իր դեմ հարուցված քրեական գործերով հայտնի, բայց ամենահավատացյալ ներկայացող Վարդան Ղուկասյանին կրկին վերադարձրեց քաղաքականություն, եւ մի հատ էլ որոշել է առաջադրվել քաղաքապետի թեկնածու, սա է թերեւս հարցերի հարցը: Կամ միգուցե ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ ջրվում են քրգործերը, Ղուկասյանը Նիկոլի համար, բայց ոչ ՔՊ-ի անունով վերցնում է Գյումրու քաղաքագլխի աթոռը: Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ մեր երկին պատուհասած այսքան իրադարձությունների ժամանակ նա ձկան պես լուռ էր, իսկ հիմա կրկին սկսել է աղմկել եւ ցույց տալ, թե ով է Գյումրիում «ամենակռուտոյը», որը դեռեւս արտահայտվում է, ինչպես մամուլն է գրել, նրանով, որ վերջինս ոտքով հարվածել ու կոտրել է Գյումրիի մեկ ուրիշ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի կողմից տեղադրված ծաղկեպսակը՝ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի հուշաքարի պուրակում:
Ի դեպ, երբ նույն Վարդան Ղուկասյանին ընդամենը ամիսներ առաջ հիշեցրել են, որ 2018-ին հրապարակում կանգնած գոռում էր. «Ճվա՛, քայլ արա մերժիր Սերժին», վերջինս վերահաստատել է. «Ե՛ս էի ասում, լա՛վ էի անում, շատ լավ եմ արել, հիմա էլ եմ ասում՝ շատ լավ եմ արել, չեմ էլ վախենում ոչ մեկից: էսօր էլ եմ դեմ, էսօրվա ղեկավարին էլ եմ դեմ ու էդպես շատերին եմ դեմ»: Եթե դեռ որեւէ մեկը կա, որ հուզվում է սույն անձի խոսքերից, հիշեցնենք, որ տարիներ առաջ նույն ջանասիրությամբ էլ Վարդան Ղուկասյանը Հանրապետական կուսակցության «ջանին էր ղուրբան» լինում ու «ցավը տանում», 2018-ին արդեն «ճվում էր»՝ Նիկոլի օգտին, իսկ ահա 2019-ին պահանջում էր ազատ արձակել կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա էլ մի նոր «ալիք է վառում»: Տարիների այս արանքում, եթե էլի անհասկանալի մնաց, թե ինչպես էր ՀՀԿ-ից խռոված, բայց 10 տարի Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած լինելով պարծեցող Ղուկասյանը, հանկարծ 2018-ին դարձել Նիկոլի համար «ճվացող», դա էլ հիշեցնենք, որ ինքը՝ մենակ չէր, մենակ չէր… Իր հետ ճվացողների շարքում էին նաեւ ՀՀ երկրորդ նախագահին սատարողներն ու քաղաքական հենարան դարձած ուժերի ներկայացուցիչները: Այնպես որ, տեսնելով, թե ովքեր են Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարում, մնում է իրոք հետեւել Ղուկասյանի աղոթելու մասին հորդորներին ու ասել. «Աստված էլ բեթարից ազատի»:
«ԵՎՐԱՔՎԵ» ԵԿԱՎ ԱԺ-Ի ԳԼԽԻՆ
Իսկ մայրաքաղաքում «Եվրաքվե» եկավ ԱԺ-ի գլխին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը: Եվ, ըստ էության, գալիս է դիրքորոշումներ արտահայտելու անխուսափելի պահը:
Մինչ այս պահը ընդդիմադիր դաշտում թերեւս միակ քաղաքական ուժը, որն այս հարցում հստակ դիրքորոշում է արտահայտել, եղել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը: Հիշեցնենք, որ Շարժումը մեծ խորհրդաժողով էր հրավիրել, որտեղ ընդունվեց 17 կետից բաղկացած բանաձեւ, որում շատ հստակ տեսակետ է արտահայտված:
«Վերջին շրջանում իշխանությունները եւ Արեւմուտքի այլ ծառաները մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն. սա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում: Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեմ ենք Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության փրկության ու հայ ժողովրդի համար ապահով հանգրվան տեսնում ենք մեր միությունը Ռուսաստանի հետ», - դեռ այն ժամանակ շեշտել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Իսկ ո՞րն է այս հարցում խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը: Համենայնդեպս, այս հարցով մինչ այս պահը որեւէ հայտարարություն չի հնչել: Մինչդեռ «Եվրաքվե»-ի խորհրդարան մտնելով այլեւս «կիսահղի» վիճակը հնարավոր չէ պահպանել՝ կա՛մ կողմ ես, կա՛մ դեմ, եթե ձեռնպահ ես, ուրեմն՝ էլի կողմ ես, բայց պասիվ կողմ: Այս առումով անհարմար վիճակում են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր թեպետ իշխանությանը «քլնգում են» արեւմտամետ լինելու համար, բայց իրենք էլ դեմ չեն եվրոպական վոյաժներին:
Ոչ պակաս անհարմար վիճակում է հայտնվելու նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որտեղ առնվազն սորոսական թեւը լքլքում է արեւմտյան հպատակությունը պաշտոնապես ընդունելու համար, բայց եւ գիտակցում է, որ այս իրավիճակում կտրուկ քայլերը, մեղմ ասած, վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ: Ինչ խոսք, այնպես չէ, որ «Եվրաքվե»-ի լոբբիստներն ու հեղինակները հենց այնպես, առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի» են մտել խաղի մեջ: Բայց ո՞վ իմանա, թե արեւմտյան դեսպանատներից ում ինչ հրահանգ կիջեցվի, ու նիկոլականների հաջողության անիվը երբ հակառակ ուղղությամբ կպտտվի: Այո՛, դժվար գործընթաց է սկսվում՝ այն էլ առկա արտաքին մարտահրավերների ֆոնին: Եվ այս հարցում խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունն ու իշխանությունը մի տնից չեն, բայց մի օրի են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ