Հույս ունեմ, որ Դվալիշվիլիի հետ կնշենք հաղթանակը հայ-վրացական պարերով․ Արման Ծառուկյան
ՍպորտԽառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ ինքն ու թեւթեւագույն քաշային կարգում (61 կգ) UFC չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կհաղթեն հունվարի 18-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 311 մրցաշարում։
28-ամյա Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC ռուսաստանցի չեմպիոն, 33-ամյա Իսլամ Մախաչեւը։
«Ես զգում եմ, որ ես ու Մերաբը միասին պետք է հաղթենք այդ մրցաշարում։ Ես ծնվել եմ Վրաստանում, նա վրացի է, մենք մոտ ենք, լավ ենք ճանաչում իրար, մարզվել ենք միասին։
Հույս ունեմ, որ այդ երեկո կնշենք հաղթանակը հայ-վրացական պարերով»,- ասել է Արման Ծառուկյանը The Ariel Helwani Show YouTube ալիքում։
MMA-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ։ Իսլամ Մախաչեւը 27 մենամարտից 26-ում է հաղթանակի հասել։
2019թ․ ապրիլին Մախաչեւը մրցավարների որոշմամբ հասել էր հաղթանակի Ծառուկյանի դեմ մենամարտում։