Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը. ՊՆ
ՀասարակությունԴեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: