Գիտնականները էներգիայի ադամանդե աղբյուր են ստեղծել, որն աշխատում է 6000 տարի
ՀասարակությունՄեծ Բրիտանիայի ատոմային էներգիայի վարչության (UKAEA) գիտնականները Բրիստոլի համալսարանի ինժեներների հետ միասին ստեղծել են էներգիայի ադամանդե աղբյուր, որը կարող է ծառայել հազարավոր տարիներ: Այժմ հետազոտողները աշխատում են նախատիպի ստեղծման վրա։
Գիտնականներն ասում են, որ ադամանդի կիսահաղորդիչ հատկությունները ռադիոակտիվությունը վերածում են էլեկտրականության, իսկ դրա գերկարծրությունը պաշտպանում է աղբյուրը և թույլ չի տալիս ռադիոակտիվությանը վնաս պատճառել:
Ածխածին-14-ն օգտագործվում է հնագետների կողմից բրածոները թվագրելու համար և 5700 տարին մեկ կորցնում է իր ռադիոակտիվության ընդամենը կեսը: Այսինքն, եթե էներգիայի ադամանդե աղբյուրը գոյություն ունենար մարդկային քաղաքակրթության արշալույսին, մ.թ.ա․ մոտ 4000 թվականին, ապա դրա մեջ դեռ կմնար լիցքի մոտ կեսը: Ածխածին-14 ստանալու համար հումք են ծառայում գրաֆիտային բլոկները, որոնք ինքնին ատոմակայանների թափոններ են։
Ածխածին-14-ի շուրջ եզակի ադամանդի աճեցման համար օգտագործվել է ջերմամիջուկային սինթեզի ոլորտի հետազոտման մեջ կիրառվող հատուկ սարքավորում: Աղբյուրը սովորական ձեռքի ժամացույցի մարտկոցի չափ է՝ 10 մմ տրամագծով, 0,5 մմ հաստությամբ։
«Ադամանդե մարտկոցներն առաջարկում են մի քանի միկրովատտ հզորությամբ մշտական մակարդակ ապահովելու անվտանգ և կայուն միջոց», - պատմել է Սառա Քլարկը՝ UKAEA-ից:
«Մենք կարող ենք օգտագործել այն [սնուցման աղբյուրը] փոքր արբանյակներում, համակարգչային չիպերում և հեռակառավարվող ձեռքի ժամացույցներում», - նշել են գիտնականները:
«Մենք կարող ենք իրական ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա, քանի որ առաջարկում ենք տեխնոլոգիա, որի դեպքում ստիպված չեք լինի փոխել մարտկոցը, քանի որ մարդկային չափանիշներով այն հավերժ կծառայի», - ավելացրել են հետազոտողները: