Ինձ սպառնացել են, բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը. Տիգրան Ավետիսյան
ՏեսանյութերՎերջերս սոցցանցում լայն արձագանք գտավ այն, որ բառացիորեն սպառնացել են ռոք երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանին՝ այն բանի համար, որ վերջինս խիստ եւ բաց քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին: Սպառնալիքը եղել է փակ հեռախոսահամարից զանգի միջոցով, որտեղ երաժիշտին սպառնացել են, որ եթե նման կերպ շարունակի, կարող է առավոտյան չարթնանալ: Այսինքն՝ ստացվում է, որ եթե որեւէ քաղաքացի հայտնում է իր կարծիքը, որը կարող է դուր չգալ ներկայիս իշխանությանը, ապա կարող է առավոտյան չարթնանալ: Իսկ երբ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքում էր քաղաքացու վրա, ամենեւին դատապարտելի չհամարվեց, երբ պաշտոնյայի մայրը ցույց տվեց երեք մատի կոմբինացիա երթի մասնակիցներին, դա եւս վիրավորանք չհամարվեց: Սակայն, կարծիք` թեկուզ եւ կոշտ, հայտնելու համար, արդեն մարդուն վախեցնում են: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց հենց երգահանի՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
«4-5 ԵՐԱԺԻՇՏ ԿԱ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԿՈՐՑՐԵԼ»
— Վերջերս մի գրառում տարածվեց սոցցանցերում, որտեղ Ձեզ ահաբեկել էին իշխանությանը քննադատելու համար: Կմանրամասնե՞ք:
— Այդ մասին ընկերս էր գրառում արել ու նշել էր ինձ: Նպատակն այն էր, որ իրավապաշտպանների կենտրոնում լիներ՝ որպես ահազանգ, ազդակ, որ մարդուն ահաբեկում են: Բանն այն է, որ վարչապետի մասին, ում անունը տալ չեմ ցանկանում, տեսահոլովակներն էինք սարքել, որտեղ ներկայացրել էինք, որ սուտ է խոսում եւ ինչ ասում է, անում է հակառակը: Եվ ես այդ տեսահոլովակի մեջ տեքստ եմ ասում, որ «այս կենդանու կառավարման տարիներին հայաթափվել է Արցախը, ունեցել ենք զոհեր» եւ այլն: Ու մոտավորապես մի 7 օր առաջ ինձ փակ համարից զանգում են ու սպառնում՝ ասելով. «Կարող ա առավոտը չզարթնես»: Ես սկզբում չհասկացա` ինչ է կատարվում, ու ակամայից հարցրի, թե ում հետ եմ խոսում: Պատասխանեց, որ քննադատել եմ Նիկոլին, հարցազրույցների ժամանակ բաց տեքստով կպնում եմ նրան: Ասացի, որ եթե զանգել ես, ուրեմն՝ ճանաչում ես ու չես կարող քո զանգով ինձ վախեցնել: Սա է եղել, սակայն չզարմանանք, քանի որ այս իշխանությունն իր խամաճիկներն ունի: Խնդիրն այլ տեղում է: Մենք հարյուրավոր երաժիշտներ ունենք, սակայն 4-5 երաժիշտ կա, որ իրականությունը չեն կորցրել, որից մեկը Միքայել Ոսկանյանը եւ այլն: Մնացածը ծպտված են, հատկապես ռոք ոլորտում, կարծես, իներտ կերպով այս իշխանության կողմնակիցը լինեն: Ինչո՞ւ եմ շեշտը դնում երաժիշտների վրա, որովհետեւ երաժիշտը պետք է պահանջատեր լինի եւ ունենալով իր ունկնդիրը՝ 10-100 մարդ, իր խոսքը կարող է ազդեցիկ լինել: Խնդիրն այն է, որ այս իշխանությունն իր դեղին մամուլով, իր պրոպագանդաներով տարիներ շարունակ նրանց ուղեղների մեջ կարողացել է նստեցնել, որ կա խոսքի ազատություն: Ու երբ այդ մարդկանց հետ փորձում ես բանավեճի մեջ մտնել՝ մտերիմ համարելով, նրանք չեն լսում, թողնում գնում են: Մեր ժողովուրդը ականջներով է սիրում, իսկ այս իշխանությունը հենց դա էլ արեց՝ ամեն օր ուղիղ եթեր միանալով ու ասելով՝ վայ ժողովուրդ ջան, գնում եմ տեղ, հեծանիվ եմ քշում եւ այլն: Նույն այդ երաժիշտները ժողովրդի մի որոշ տոկոս են կազմում, ովքեր մտածում են, որ կա խոսքի ազատություն: Հիմա հարց եմ տալիս նման կերպ մտածողներին՝ եթե կա խոսքի ազատություն, ապա ես իմ երգերում քննադատում եմ իշխանությանը, այդ դեպքում ինչո՞ւ են զանգում ինձ ու սպառնում, բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը: Եթե ցանկանում էին իշխանությանը հայհոյելը քրեականացնեն, էլ ի՞նչ խոսքի ազատություն: Ես Սերժ Սարգսյանի ժամանակ եղել եմ ընդդիմադիր: Գրառումներ էլ եմ արել, միտինգներին էլ եմ մասնակցել, բայց երբեք ինձ ոչ մեկը չի վախեցրել: Էլ չեմ խոսում կեղծ օգտատերերի մասին, որ ամեն րոպե ինձ գրում ու իբր վախեցնում են: Ցավոք, աշխարհում 70 տոկոսը ուղորդվող տեսակ է, այսինքն՝ նրան ինչ կաթացնում են, դա էլ ընդունում է: Տեսեք, մինչ 2020 թվականը չէր գտնվի մի հայ, ով կասեր Արցախը մերը չէ, որովհետեւ մեդիաներով եւ ամենուր ասվում էր, որ դա մերն է: Այս իշխանությունը որդեգրել է այլ քաղաքականություն՝ երբ նրանց հարցնում են ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, ինչո՞ւ Շառլ Միշելի հետ ստորագրեցիր, ասում են՝ բա ձեր ժամանակ ինչքան եք թալանել… Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Դա մոտեցում է, որը զոմբիների մոտ նստած է արդեն՝ ով ինչ ասի, կասեն՝ բա նախկինները ինչի՞ թալանեցին: Այսինքն՝ հստակ հարցը շեղում են ու այլ բան պատասխանում: Ինչ Նիկոլ Փաշինյանն ուզում է, դա էլ բերում ու կերակրում է դրանով այդ զանգվածին, իսկ նրանք լուռ ընկալում ու ուտում են: Վահրամ Սահակյանը լավ է ասում՝ եթե 2021 թվականին գնում են պարտված իշխանությանը կրկին ընտրում են, ո՞նց կարող ես նման մարդկանց հարգես: Ու այս պահի դրությամբ կարծում եմ՝ Փաշինյանը 200-300 հազար ընտրող ունի, անգամ այսքանից հետո ու դա լուրջ տոկոս է՝ ընտրողների 20 տոկոսը:
— Այս դեպքում՝ ո՞րն է ելքը:
— Հայաստանին պետք է բռնապետություն ու պետք է պետականամետ ուժ, այսինքն՝ դաշինք կնքելով՝ պահեն, ուժեղացնեն բանակը: Իսկ այն մասսան, որը թույլ է ու սեփական ուղեղ չունի, պետք է ճիպոտով պահել: Տեսեք, նախկին իշխանության ժամանակ եղել է ժողովրդավարություն: Մարդիկ փողոց են դուրս եկել, եղել է իշխանափոխություն: Ես Սերժ Սարգսյանի փաստաբանը չեմ ու քննադատել եմ նրան տարբեր հարցերի շուրջ եւ հիմա էլ կարող եմ ասել նրա սխալները, բայց հիմա նստել ու խոսել Սերժ Սարգսյանի սխալներից, դեմագոգություն կլինի: Կան մարդիկ, որ ասում են՝ առաջ ժողովրդավարություն չի եղել, հիմա ժողովրդավարություն է: Ինչպե՞ս չի եղել, երբ նախկին վարչապետը հրաժարական տվեց՝ առանց ուժ կիրառելու:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ Է, ԿԱՄ՝ ՉԿԱ ԱՌՀԱՍԱՐԱԿ»
— Հիմա էլ է ժողովուրդը փողոց դուրս գալիս, սակայն անօգուտ ու այսպես տարիներ շարունակ: Ինչո՞ւ չեն հաջողում, ինչո՞ւ են մարում միտինգները:
— Կարծում եմ՝ լավ ընդդիմադիր ղեկավար չկա, օրակարգ չկա: Լավ ընդդիմադիր լինելու համար պետք է հարձակվես ու մինչեւ վերջ գործդ առաջ տանես:
— Արդյո՞ք իրական ընդդիմադիրն Արցախը կորցնելուց հետո կշարունակեր աշխատել ներկայիս իշխանության հետ ու մանդատ չէր դնի:
— Ընդդիմությունը շատ թույլ է, կամ չկա առհասարակ:Նաեւ որոշակի բարոյական հարցերի պատճառով է ընդդիմությունը վատը: Այսինքն՝ այս ընդդիմությունը ոչինչ չի խոստանում ժողովրդին, միայն ասում է, որ մենք գալու ենք Արցախը հետ բերենք, դա լսելով փողոց է դուրս գալիս 10.000 մարդ: Սակայն, եթե ասի՝ մենք գալու ենք ու վարկերը ջրենք, թալանը վերցնենք բաժանենք ժողովրդին, կարծում եմ՝ շատ մարդ դուրս կգա: Ներկայիս իշխանությունն այդպես խաբեց չէ՞ ժողովրդին ու կպավ թույլ մասսայի սրտին: Այս ընդիմության մեջ իրականում կան մարդիկ, ովքեր խաբել չգիտեն, իսկ ներկաների մեջ բոլորը խաբեբաներ են, դրա համար այդքան մարդ դուրս եկավ փողոց՝ հավատալով: Ու շատերին դուր է գալիս, որ իր նմանն է իշխանությունում՝ Նիկոլը: Ի դեպ, ես նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չեմ, բայց երբ սկսվեց նրա դատը, շատերը տանը նստած ուրախանում էին՝ ասելով, տարեք, դատեք այդ մարդուն: Այսինքն՝ այդ մարդկանց մեկ է, որ Ստեփանակերտը չկա, միայն թե Քոչարյանին դատեն: Եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ Ալիեւը վախեցել ու տանել չի կարողացել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, եւ երբեք նրանց իշխանության օրոք չի ասել՝ Հայաստանը պետք է բանակ չունենա, Արցախը մերն է, Սյունիքը մերն է: Հիմա Ալիեւը ավելի քան ուրախ ասում է դա, որովհետեւ առջեւը կանգնած է թույլ, վախկոտ ու խաբեբա իշխանություն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ