Ես երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել Խաչատրյան
ՄշակութայինԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսն այս տարի եւս մեկ հնարավորություն ունի դիտելու «Փող, կիրք, իշխանություն» ներկայացումը դեկտեմբերի 14-ին: 19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն»-ը թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի բեմադրմամբ շարունակում է մնալ տարվա ամենահնչեղ, գերժամանակակից ու համարձակ ներկայացումը, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող են լինել փողի, անսեր կրքի ու իշխանության անդառնալի հետեւանքները: Ներկայացման մասին այս անգամ «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել գլխավոր դերակատարներից ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
— Ինչպե՞ս պատրաստվեցիք Պյոտր Ադուեւի դերին, ով աղբի վերամշակման մագնատ էր եւ անողոք՝ իր զարմիկի հանդեպ: Կայի՞ն պահեր, որոնք առանձնապես դժվար էին ձեզ համար:
— Ինձ համար շատ հետաքրքիր էր: Անցումային դեր էր, ավելի լուրջ, ավելի տարիքային: Ճիշտ է, վերջում եղան ինչ-ինչ դժվարություններ, բայց ամեն ինչ հաղթահարվեց եւ, ըստ իս ու բազում հանդիսատեսի կարծիքով ամեն ինչ շատ լավ ստացվեց:
— Հետաքրքիր է, իսկ Պյոտր Ադուեւի բնավորության ո՞ր գծերն են հատկապես ձեզ հարազատ: Իսկ ինչի՞ հետ դժվար էր համակերպվել։
— Նրա նպատակասլացությունը, աշխատասիրությունը, սկզբունքներն ու համոզմունքները եւ դրանց չդավաճանելու ձգտումն ինձ իսկապես հարազատ է: Ադուեւը ընտանիքին նվիրված մարդ է, ինքս էլ այդպիսինն եմ: Իսկ դժվար էր համակերպվել եւ ամենադժվար տեսարանն էր ինձ համար այն, որ ես երբեք ու երբեք այդպես չէի վարվի, ինչպես Պյոտր Ադուեւը վարվեց իր զարմիկի հետ: Նկատի ունեմ այն, որ իր զարմիկին ուղարկում է մեծահարուստ կնոջ մոտ, որպեսզի իր նպատակին հասնի՝ նրա միջոցով: Այսինքն, որպեսզի երիտասարդը սիրահարվի այդ կնոջը, իսկ Ադուեւը հասնի իր նպատակին: Սա ինձ համար շատ անընդունելի քայլ է:
— Ի՞նչ եք կարծում՝ հանդիսատեսն ինչպե՞ս է ընկալում Ձեր կերպարը: Կա՞ ինչ-որ բան, որը կցանկանայիք փոխանցել հանդիսատեսին Ադուեւի կերպարի միջոցով:
— Հանդիսատեսը կնայի եւ կվերցնի այն, ինչ-որ իրեն պետք է: Մեկը կհասկանա, որ պետք է ձգտել շատ փողի, մեկը կհասկանա, թե ինչ վիճակում հայտնվեց Ադուեւը եւ կխորհի, որ բոլորս էլ վերջում մենակ ենք մնալու եւ ի՞նչ ենք տանելու մեզ հետ այս աշխարհից: Որ պետք չէ ընկնել շատ փողի, փառքի հետեւից, պետք է գտնել երջանկությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ