Աղտոտված օդը բարձրացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն
ՀասարակությունԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղտոտված օդը բարձրացնում է հղիների մոտ շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health-Americas պարբերականում։
Գեստացիոն շաքարային դիաբետը հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ և առաջին անգամ ի հայտ է գալիս հղիության ընթացքում։ Նման դեպքերում սովորաբար շաքարի մակարդակը կարգավորվում է ծննդաբերությունից հետո, սակայն հետագա հղիությունների ժամանակ և առհասարակ հետագայում շաքարային դիաբետի զարգացման բարձր հավանականությունը պահպանվում է։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 կին, որոնցից 60-ի մոտ գեստացիոն շաքարային դիաբետ է զարգացել։ Մասնակիցների անձնական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ օդն աղտոտող նյութերի ազդեցությունը փոխկապակցված է գեստացիոն դիաբետի զարգացման հավանականության բարձրացման հետ։ Ընդ որում, կախված օդում պարունակվող մասնիկներից, այդ հավանականությունը կարող է բարձրանալ 5,7-15%-ով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ամենից վտանգավորներն են PM 2.5 և PM 10 մասնիկները, ինչպես նաև ազոտի երկօքսիդը։