Գիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցը
ՀասարակությունԹայվանի Յան Մին Չժաո Տունգի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ լավ ֆիզիկական պատրաստվածությունը կապված է նախասրտերի ֆիբրիլյացիայի և գլխուղեղի կաթվածի զարգացման ցածր հավանականության հետ: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտաբանների եվրոպական միության ESC 2023 ամենամյա կոնգրեսի ժամանակ։
Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ախտորոշվել է ավելի քան 40 մլն մարդու մոտ։ Այս խնդրով բուժառուների մոտ գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը հինգ անգամ ավելի բարձր է լինում, քան նույն տարիքի այն անձանց մոտ, որոնց մոտ չի ախտորոշվել նման խանգարում։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 15 հազար կամավոր առանց նախասրտերի ֆիբրիլյացիայի։ 2003-2012 թվականներին գիտնականներն ամեն տարի վազքուղու կիրառմամբ գնահատում էին նրանց ֆիզիկական պատրաստվածության աստիճանը և հավաքագրում նրանց սովորությունների վերաբերյալ տվյալներ: Հետազոտողները մասնակիցների առողջական վիճակին հետևել են մինչ նրանց մոտ առաջին անգամ նախասրտերի ֆիբրիլյացիայի ի հայտ գալը, մինչ գլխուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի կամ մահվան առաջին դեպքը: Այս ընթացքում վերոնշյալ խնդիրներին բախվել է 515 մասնակից։
Ստացված տվյալների վերլուծության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ լավ ֆիզիկական պատրաստվածությունը 8 տոկոսով նվազեցնում է նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը, 12 տոկոսով՝ գլխուղեղի կաթվածի հավանականությունը և 14 տոկոսով՝ սրտանոթային համակարգի ցանկացած հիվանդության։