Գիտնականները ճարպակալման հավանականությունը մեծացնող նոր մեխանիզմ են հայտնաբերել
ՀասարակությունՍիդնեյի համալսարանի գիտնականները (Ավստրալիա) պարզել են, որ սննդի մեջ սպիտակուցների պակասը ստիպում է օրգանիզմին ավելի շատ կալորիա կլանել՝ ամինաթթուների բնական կարիքը բավարարելու համար, ինչն էլ, ի վերջո, կարող է հանգեցնել ճարպակալման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences ամսագրում:
Հետազոտության շրջանակներում գիտնականները կատարել են ճարպակալման զարգացման վրա սպիտակուցի ազդեցության ուսումնասիրությանը նվիրված գիտական աշխատությունների մետա-վերլուծություն։ Արդյունքում նրանք պարզել են, որ մարդկանց օրգանիզմն ամենից շատ կախված է սպիտակուցների ընդունումից, ուստի, եթե սննդի մեջ առկա սպիտակուցը նոսրացվում է ճարպերով և ածխաջրերով, ապա ի հայտ է գալիս յուրացվող սննդից ստացվող էներգիայի փոխհատուցման աճ:
Միևնույն ժամանակ գիտնականները պարզել են նաև, որ փոքր տարիքում մեծ քանակությամբ սպիտակուցների ընդունումը նույնպես մեծացնում է հետագայում ճարպակալման վտանգը։ Բանն այն է, որ սպիտակուցների չարաշահման հետևանքով մեծ տարիքում օրգանիզմն ավելի շատ սպիտակուցի կարիք է ունենում։ Արդյունքում մարդը բախվում է իր սննդակարգում այս տարրի պակասի հետ, ինչն էլ գործարկում է վերոնշյալ մեխանիզմը։