Ֆիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործել
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումները։ Ֆիդանի մեկնաբանությունները հրապարակել է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Մենք կոչ ենք անում տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին գործել զգույշ և հանգիստ, որպեսզի տարածաշրջանը հետագա անկայունության չտարվի»,- ասել է նա:
Ֆիդանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է «պաշտպանել պետական հաստատությունները և միավորել սիրիական ընդդիմադիր ուժերին»։
Նա նաև անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրին։
«Ես չեմ կարող մեկնաբանել դա, մենք չգիտենք՝ որտեղ է նա գտնվում: Հավանաբար, Սիրիայի սահմաններից դուրս է»,- ասել է Ֆիդանը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան «շատ զգուշավոր» է գործում, որպեսզի «երաշխավորի, որ ԴԱԻՇ-ը և PKK-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը - խմբ.) չչարաշահեն այս գործընթացը»։
«Մենք կապ ենք պահպանում մեր ամերիկացի ընկերների հետ»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։
Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ընկել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։