«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. Զուրաբիշվիլի
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է՝ ինչու է խորհրդարանական ընտրությունների կեղծման մասին խոսելիս օգտագործել «հայկական կարուսել» արտահայտությունը, գրում է Ekhokavkaza պարբերականը։
«Ուզում եմ դիմել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին և հարևան երկրում՝ Հայաստանում ապրող հայերին, որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։ «Հայկական կարուսել» արտահայտությունը որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի ղեկավարի խոսքով, ինքն առաջին անգամ լսել է այս արտահայտությունը, երբ վերադարձել է Վրաստան Էդուարդ Շևարդնաձեի օրոք։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է Միխեիլ Սահակաշվիլիի օրոք։
«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա մեջ ընդհանրապես էթնիկ երանգավորում չկա»,- հավելել է Զուրաբիշվիլին:
Համացանցում առկա աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունգարիայում, Բոսնիա և Հերցեգովինայում նմանատիպ իրավիճակը կոչվում է «բուլղարական գնացք», իսկ Բուլղարիայում՝ «հնդկական թել»։