ՄՈԼՈՐՎԵԼ Է ԲՐԻԿՍ-ի ԵՎ ՀԱՊԿ-ի ԱՐԱՆՔՈՄ
ՆերքաղաքականԿարեն Քոչարյանը գրում է
Վերջին երկու ամիսների ընթացքում Ն.Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկնապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը թերևս ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»: Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց, փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված, միջոցառմանը: Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս, երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում: Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը ( ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ ` ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն.Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էր, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները: Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների` Եվրաբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն.Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը, վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով` «утром деньги – вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա` վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանությունները Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն.Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»: Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն.Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա, հանդիպումները սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ` կրկին Երևանում: Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով: Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները: Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում, այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար: Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն.Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում...