Հակապետական եւ հակահայկական իշխանության օրոք ենք այսօր ապրում ու պայքարում. Իսրայելյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:
— Լինելով արցախցի՝ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է Հայաստանի հետ Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վերաբերյալ:
— Արցախի վերամիավորումը Հայաստանին՝ 1988 թվականի շարժման հիմնական բաղադրիչն է եղել: Հետեւաբար, հենց դրանով է շարժվել Արցախի հանրությունը, ինչպես նաեւ դրանով է Արցախի ժողովուրդը ոտքի կանգնել, որպեսզի Սովետական Միության փլուզումից հետո՝ վերամիավորվի Մայր Հայաստանին՝ հաշվի առնելով բոլոր այն հիմքերը, որոնք մենք ունեցել ենք: Այդ ժամանակ ստացվում է այնպես, որ ամեն մի պետություն ձեւավորել է իր Սահմանադրությունը, եւ Ադրբեջանը հենց այդ ժամանակ ընտրել է այն Սահմանադրությունը, որի հիման վրա էլ Սովետական Միության բոլոր պայմանագրերը չեղարկել է՝ այն անվանելով դիկտատորի պետություն: Եվ իրենց կողմից հաշվի չի առնվել, որ Արցախի ընդհանուր կարգը դուրս է եկել իրենց ձեւաչափից: Ահա հենց դրա համար էլ մենք մեր ինքնուրույնությունը, ինչպես նաեւ որոշումը թե՛ անկախության հետ կապված, թե՛ վերամիավորմանը Մայր Հայաստանին՝ եղել է հիմնավորված: Պետք է նշեմ նաեւ, որ միջազգային բոլոր տեսակի նորմերին համապատասխան կերպով՝ սկսած հենց ընտրություններով, ինչպես նաեւ հանրահավաքով եւ, իհարկե, կայացրած որոշումներով՝ Լեռնային Ղարաբաղն այն ժամանակ իր դիրքորոշումը օրինական ներկայացրել եւ ամրագրել է:
— Պարոն Իսրայելյան, իսկ այս ամենը ներկայիս իրավիճակում որքանո՞վ է արդիական՝ լուծման ելք գտնելու տեսակետից:
— Պետք է նշեմ, որ ասօրվա իրավիճակում, ներկայիս իշխանության օրոք լուծման ձեւաչափեր չեմ տեսնում, քանի որ հակապետական, ինչպես նաեւ հակահայկական իշխանության օրոք ենք մենք այսօր ապրում ու պայքարում: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ներկա իշխանության օրոք էլ մենք կորցրել ենք Արցախը: Կորցնելու, այսպես ասած, հիմքը կամ նաեւ ձևաչափը ես այսօրվա իրավիճակում խոսակցական մակարդակով որպես դավաճանություն ու հանցագործություն եմ համարում, քանի որ Արցախը հայկական է: Արցախը ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Հայաստանի տարածքային ամբողջությունն է: Արցախն իր պատմական բոլոր հազարամյա տարիների ընթացքում միշտ էլ եղել է հայկական: Այս մոտեցումները մենք շարունակելու ենք այնքան ժամանակ՝ մինչեւ կգա մի ժամանակահատված, ինչի արդյունքում էլ կունենանք հնարավորություն ու առավել քան հզոր Հայաստան: Հենց այն ժամանակ էլ այդ հարցի բարձրացման ու իրականացման նպատակներին մենք կարող ենք հասնել:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ