Պատերազմ է սպասվում. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականԱնդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «մենք մեզ արդեն համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ զգուշացնում է՝ պատերազմ է սպասվում:
«Այս հայտարարությունն ունի միայն մեկ նպատակ՝ Սյունիքի եւ Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին։ Այսինքն, սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ը որեւէ խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ Հայաստանն այլեւս այդ կազմակերպության անդամ չէ։ Մինչ այդ, 2024 թվականի ընթացքում Արցախից դուրս են բերվել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Սյունիքից՝ 2020 թվականից հետո Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ զորքերի բոլոր 17 հենատկետերը (այդ թվում ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքից), ինչպես նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքների մոտակայքում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։ Հայաստանը թույլ չի տալիս նաեւ, որպեսզի Կապանում բացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որպեսզի Կապանի գրավումը չդիտարկվի հարձակում Ռուսաստանի (դիվանագիտական ներկայացուցչության) վրա եւ իրավունք չտա Ռուսաստանին իրականացնելու դրանից բխող գործողություններ», - գրել է Ղազարյանը եւ, որպես հետգրություն, հավելել. «Դեկտեմբերի 24-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծննդյան օրն է»։