Գիտնականները շշալցված խմելու ջրում վտանգավոր նանոպլաստիկ են հայտնաբերել
ՀասարակությունՄեկ լիտր շշալցված ջրում միջինում կարող է պարունակվել պլաստիկի մոտ 240 հազար մասնիկ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտությանը։
Գիտնականները պարզել են, որ ջրի մեջ պարունակվում է նանոպլաստիկ, որը 1 միկրոմետրից պակաս երկարությամբ (1 մմ-ից 1000 անգամ կարճ) պլաստիկի մասնիկ է: Ընդ որում՝ եթե ի սկզբանե խոսքը միայն նանոպլաստիկի մասին էր, ապա նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պլաստիկի պարունակությունը ջրում կարող է նախորդ ցուցանիշի համեմատ 100 անգամ ավելի լինել:
Ինչպես նշել է գործակալությունը, նանոպլաստիկը չափազանց վտանգավոր է, քանի որ իր չափերի շնորհիվ այն կարող է ներթափանցել մարդու արյան ու բջիջների մեջ։ Ավելին՝ հղիության ընթացքում այն կարող է անցնել անգամ ընկերքի միջով ու ներթափանցել պտղի օրգանիզմ։
Գիտնականները մշակել են միկրոսկոպիայի մեթոդ և կիրառել հսկայական քանակությամբ տվյալների վրա հիմնված ալգորիթմ՝ հասկանալու, թե որքան նանոպլաստիկ է պարունակվում խմելու ջրում։ Հետազոտության համար օգտագործվել է մեկլիտրանոց 25 շիշ խմելու ջրի ամերիկյան երեք արտադրողից։ Արդյունքում պարզվել է, որ ջրի մեջ հայտնաբերվել է 110-370 հազար մասնիկ, որոնց 90 տոկոսը՝ նանոպլաստիկի մասնիկներ էին։
Միևնույն ժամանակ հետազոտության հեղինակները նշել են, որ որոշ մասնիկների ծագումն անհայտ է մնացել, ուստի ջրում պլաստիկի պարունակությունը կարող է շատ ավելի մեծ լինել, քան ենթադրվում է։