Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին
Լիտվայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտարարել է Բալթյան հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն, փոխանցում է Sputnik Georgia-ն։
Ավելի վաղ Վրաստանի ղեկավարը հայտարարել էր, որ չի հրաժարվի իր պաշտոնից՝ չնայած դեկտեմբերի կեսերին լիազորությունների ավարտին։ Նա նշել է, որ կմնա նախագահ, քանի դեռ նոր խորհրդարան չի ընտրվել։ Նրա կարծիքով՝ Վրաստանում վերջին ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ են»։
Միևնույն ժամանակ, Սկայսգիրիտեն նշել է, որ Լիտվան կբավարարի Վրաստանի ղեկավարի քաղաքական ապաստանի հնարավոր դիմումը։
«Բնական է, որ Լիտվան ապաստան կտրամադրի, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նրա խոսքերը փոխանցում են լիտվական լրատվամիջոցները։
Միաժամանակ, Լիտվայի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ներկայումս նման հարցում չի ստացվել։
«Այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ հստակ ասել է, որ ինքը Թբիլիսիում կանգնելու է իր ժողովրդի կողքին», - ասել է Սկայսգիրիտեն: