Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետ
ՄիջազգայինԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա, հայտնում է Anadolu-ն։
Իրանի արտգործնախարարն այնուհետև ժամանել է Թուրքիա, որտեղ նա մտադիր է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական կազմակերպությանը (նախկինում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա») պատկանող խմբավորումները խախտել են դեէսկալացիայի համաձայնագիրը և հարձակվել բնակեցված տարածքների և ռազմական օբյեկտների վրա։ Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Հիշեցնենք, որ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։